Երևանի քաղաքապետարանին եմ հանձնում իրենց իսկ...

Եկել եմ Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ՝ քաղաքապետարանին հանձնեմ իրենց իսկ կոռուպցիան։ Այս մասին  Երևանի քաղաքապետարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ակտիվիստ Արթուր Չախոյանը:

«Կոռուպցիան այն է, որ Երևանի քաղաքապետարանը գումարներ է դուրս գրել իմ տան տանիքի համար, որը ես սեփական միջոցներով եմ վերանորոգել։ Եկել եմ՝ իրենց կոռուպցիան հանձնեմ իրենց: «Ես բազմաբնակարան շենքի վերջին հարկում եմ ապրում և իմ միջոցներով նորոգել եմ մեր տան վերևի հատվածի կտուրը։ Քաղաքապետարանը տեսել է, որ ես նորոգել եմ, բայց փաստաթղթեր են կեղծել, թե Չախոյանը դիմել է նորոգման համար և շինանյութ են դուրս գրել, ինչն էլ ես վերադարձնում եմ,- ասաց նա։

Չախոյանը հայտարարեց, որ քաղաքապետարանը մոտ 500 հազար դրամի շինանյութ է դուրս գրել իր անունով, որն իրեն պետք չէ, այդ պատճառով էլ բեռնատարով շինանյութը վերադարձնում է Քաղաքապետարանին։

Նրա խոսքով՝ սա եզակի դեպք չէ։ «Բոլորն էլ գիտեն, որ Երևանի բնակիչներին ստիպում են տանիքները նորոգել իրենց հաշվին, իսկ հետո այդ նորոգված տանիքների վրա շինանյութ են դուրս գրում ու գումարներ թալանում»,-ասաց նա։

Բլոգերը նաև ցուցակ ներկայացրեց, որը, ըստ իրեն, կազմել է քաղաքապետարանը, իբր թե Արթուր Չախոյանը հայտ է ներկայացրել շինանյութի՝ տանիքը վերանորոգելու համար։

«Սա կեղծ փաստաթուղթ է։ Իմ անունով շինանյութ են դուրս գրել։ Իրենց գողությունը վերցրել եմ շաբաթ օրը, բերել եմ՝ հանձնեմ իրենց, ցույց տամ հանրությանը, որ հետո չկարողանան մանիպուլացնել, չասեն՝ այսպես էր, այնպես էր։ Որպեսզի անհերքելի լինի, որ չասեն՝ մենք նրան ոչինչ չենք տրամադրել կամ վրիպակ է եղել։ Պատկերացնում եք, թե քանի տարի նման 500 հազար, 1 մլն դրամներ են դուրս գրվել»- եզրափակեց ակտիվիստը։