Երևանի փողոցի վրա անօրինական ավտոտնակ են տեղա...

Օրերս համացանցում մեծ իրարանցում էր առաջացրել Գյումրի քաղաքի փողոցներից մեկից մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է քաղաքացիներից մեկն իր տան մի մասը կառուցել ճանապարհի ուղիղ մեջտեղում։ Զավեշտալի այս տեսանյութը քննարկվեց և մեկ օր անց մոռացվեց, իսկ իրականում այս խնդիրը բավական լուրջ է դրված։

Նման փողոցներ կան ոչ միայն Գյումրիում, այլև մայրաքաղաք Երևանում։ Օրերս մեզ էին դիմել Տիգրան Մեծ 3-րդ նրբանցքի մի շենքի բնակիչներ, ովքեր դժգոհում էին, որ իրենց շենքի կողքով անցնող փողոցի մեջտեղում ավտոտանակներ են կառուցվել․ «Ավտոտնակները վաղուց են այստեղ դրված, բայց կարծում ենք ժամանակն է, որ այս խնդիրը լուծվի։ Ի վերջո ամոթ է, որ մայրաքաղաքի փողոցի մեջտեղում աղբակույտ հիշեցնող ավոտանակ լինի։ Մենք դիմել ենք պատկան մարմիններին, բայց կարծես արձագանք չկա։ Ավտոտնակները ապօրինի կառույցներ են, նրանց սեփականատերերը ոչ մի փաստաթուղթ չունեն, բայց քաղաքապետարանը ոչինչ չի անում»,- ասաց մեզ դիմած քաղաքացին՝ հավելելով, որ համայնքային հողի վրա ժանգոտած ավտոտանակներ դրած քաղաքացիները հույս ունեն, որ կարող են օրինականացնել այն և թանկ գնով վաճառել: «Եթե այդպես է, ապա մի ճանապարհի վրա էլ մենք նման աղբ կդնենք, իսկ հետո բարձր գնով կվաճառենք«․-հավելեց նա իր խոսքը։