Այն աղտոտման մակարդակը, որ տեսանք նոյեմբերին՝ այլևս չենք տեսնում, չնայած, որ Երևան քաղաքում ամենաակտիվ շինարարության, ավտոմեքենաների ու մարդկանց շարժի, հնարավոր մարդածին բոլոր աղտոտումների ակտիվ սեզոն է: Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Սիրելի երևանցիներ, Երևան քաղաքում օդի որակը նոյեմբերից մարտ ամիսերի ընթացքում մեծամասամբ պայմանավորված է մեր մթնոլորտային շերտի մթնոլորտային առաստաղի բարձրությամբ: Սա ուղղակիորեն բնակլիմայական երևույթ է, որի ժամանակ՝ հենց այդ շրջանում, մեր մթնոլորտային շերտը 1,200 մետրից իջնում է մինչև 80-100 մետր, և փաստացի բոլոր աղտոտումները, որոնք առկա են եղել 1,200 մետրի վրա, խտացնում են 80 և 100 մետրի վրա, սա տեղի է ունենում ոչ միայն Երևանում, այլ ամբողջ Արարատյան դաշտավայրում՝ Վեդիում, Արտաշատում, Թուրքիայի տարածքներում և պայմանավորված է մեր աշխարհագրական դիրքով ու բնակլիմայական պայմաններով:
Երևանի քաղաքապետարանն, իր հերթին, ձեռքերը ծալած չի նստում և տալիս է բաց տվյալներ Երևան քաղաքում օդի որակի վերաբերյալ: Այս սեզոններին, երբ օրերը տաքանում են, այդ երևույթները վերանում են, մեր մթնոլորտային շերտը բարձրանում է 1,200-ից մինչև 2,000 մետր բարձրության, ու այն աղտոտման մակարդակը, որ տեսանք նոյեմբերին, այևս չենք տեսնում: Սա ևս մեկ անգամ գալիս է ասելու, որ երևանցիները փորձեն լսել այն փաստահեն տվյալները, որոնք որ ներկայացնում ենք»,- նշել է նա:



