Կրթության տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել Երևանի միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում։
Ստուգումների ընթացքում հայտնաբերվել են կրթության բնագավառը կարգավորող օրենսդրության մի շարք խախտումներ։ Հայտնաբերված խախտումներից են․
Հաստատությունը մասնագիտությունների ցանկը ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացվել է սահմանված ժամկետի խախտումով, մինչդեռ, ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի №752-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի՝ «ՄՄՈՒՀ-ը յուրաքանչյուր տարի, մինչև ապրիլի 1-ը, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն գրավոր ներկայացնում է այն մասնագիտությունների ցանկը, որոնցով հավակնորդը կարող է շարունակել կրթությունը բուհում:»։
Հաստատության կողմից շրջանավարտներին դիպլոմները տրվել են սահմանված կարգի խախտումով, մասնավորապես՝ առանց նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագրի, որի հետևանքով խախտվել է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգ»-ի 12-րդ կետը, այն է՝ «Շրջանավարտներին ուսումնական հաստատության կողմից դիպլոմները տրվում են անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթերի ներկայացմամբ կամ այլ անձի` նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր ներկայացնելու դեպքում:»:
Հաստատությունում դիպլոմները չեն գրանցվել և պահվել որպես հատուկ հաշվառման փաստաթուղթ՝ չպահպանելով ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման կարգ»-ի 20-րդ կետը, այն է՝ «Դիպլոմները գրանցվում և պահվում են ուսումնական հաստատություններում որպես հատուկ հաշվառման փաստաթուղթ:»։
Պետական լիազոր մարմնին ներկայացված դիպլոմների բաշխման հաշվետվությունների մեջ չեն ներառվել կարգով սահմանված՝ սովորողների սեռի, ծննդյան թվականի, ուսումնական հաստատություն ընդունվելու (հրամանի համար) և ավարտելու (հրամանի համար) տարեթվերի, անձնագրի սերիայի և համարի մասին տեղեկությունները, չպահպանելով՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի № 609-Ն հրամանով հաստատված հավելված 2-ի 22-րդ կետի պահանջը, ըստ որի՝ «Դիպլոմների բաշխումից հետո պետական և ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենը հաշվետվություն է ներկայացնում գրությամբ՝ նախարարի կամ աշխատակազմի ղեկավարի անունով: Հաշվետվությունն իր մեջ ներառում է տեղեկատվություն ստացած, բաշխված և խոտանված ավարտական փաստաթղթերի համարների և ընդհանուր քանակի մասին՝ ըստ ուսումնական հաստատության, նշումներ պարունակելով սովորողի անվան, ազգանվան, հայրանվան, սեռի, ծննդյան թվականի, ուսումնական հաստատություն ընդունվելու (հրամանի համար) և ավարտելու (հրամանի համար) տարեթվերի, ավարտական փաստաթղթի սերիայի և համարի, անձնագրի սերիայի և համարի, մասնագիտության կոդի մասին՝ կնքված և ստորագրված տնօրենի կողմից․․․:»։
Ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ Կրթության տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։
Իրազեկում.
Կարգադրագիրը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ կատարման մասին սահմանված ժամկետում Կրթության տեսչական մարմնին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում և առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
Թեժ գիծ՝ 010 203053