Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրա...

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը և «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Անետա Բաբայանը հանդիպել են Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկի և «Շկոդա» տրանսպորտային ընկերության՝ Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում վաճառքի գծով փոխնախագահ Ռոման Սորկինի հետ:

Մետրոպոլիտենից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և ընդլայնման ծրագրերը, որոնց նպատակն է ստեղծել անվտանգ, հարմարավետ և ժամանակակից տրանսպորտային համակարգ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

Բաբկեն Սեդրակյանը ներկայացրել է մետրոպոլիտենի զարգացման առաջնահերթությունները՝ ներառյալ նոր վագոնների ձեռքբերումը, ԴԵՊՈ-ի վերակառուցումն ու արդիականացումը, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, որոնք կբարձրացնեն մետրոպոլիտենի արդյունավետությունն ու մատչելիությունը։

Մասնավորապես շեշտվել է, որ զարգացման այս ծրագրերը ոչ միայն կբարելավեն ենթակառուցվածքներն, այլև կնպաստեն քաղաքի տրանսպորտային համակարգի ընդլայնմանը՝ ապահովելով երկարաժամկետ կայունություն և մատուցվող ծառայությունների որակի բարձրացում։

Պետության աջակցությամբ արդեն իսկ իրականացվել են զգալի աշխատանքներ, սակայն մետրոպոլիտենի լիարժեք արդիականացման համար անհրաժեշտ են խոշոր ներդրումներ, որոնք կօգնեն ընդլայնել երթուղային ցանցը և բարելավել ուղևորներին մատուցվող ծառայությունների որակը։

Դեսպանին և «Շկոդա» ընկերության ներկայացուցչին մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը ԴԵՊՈ-ի տարածքում ներկայացրել է վերջին տարիներին կատարված աշխատանքները և ապագա ծրագրերը՝ ուղղված մետրոյի ենթակառուցվածքների արդիականացմանը։