 
     
								Երևանի մետրոպոլիտենի զարգացմանն ուղղված ծրագրերի համար 2026 թվականին կտրամադրվի ընդհանուր առմամբ 5,5 միլիարդ դրամ, որից 2 միլիարդ դրամը՝ նոր կայարանի կառուցման համար։
Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Քաղաքային զարգացում ծրագրի համար 2026 թվականի բյուջեում նախատեսված է 16,6 միլիարդ դրամ, որի շրջանակներում կկատարվեն մի շարք միջոցառումներ։ Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման համար նախատեսված է 2,5 միլիարդ դրամ, նոր կայարանի կառուցման համար՝ 2 միլիարդ դրամ, իսկ ուղևորափոխադրման ծառայությունների լիազորությունների իրականացման համար՝ 1 միլիարդ դրամ։ Այս երեք ծրագրերի համար ընդհանուր առմամբ նախատեսված է 5,5 միլիարդ դրամ»,-ասաց նախարարը։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը մեկնարկելու է 2026 թվականին։







