Երևանի Մամուլի շենքի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չկա, իսկ համացանցում տարածվող պատկերները ներկայացնում են միայն հնարավոր օգտագործման տարբերակներ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Արաքս Առաքելյանը։
Առաքելյանի խոսքով՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն և PROSPECT24 ՓԲԸ-ն համատեղ ներկայացնում են Մամուլի շենքի վերանորոգման նախագիծ, որը նախատեսում է ոչ միայն շենքի համակողմանի արդիականացում, այլև դրա նպատակային նշանակության փոփոխություն՝ այն վերածելով ժամանակակից, պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի։
Նա նշեց, որ PROSPECT24 նախագիծը մշակվել է «Դիգնիսի» ՍՊԸ-ի, «Բի-Էս-Սի» բիզնեսի աջակցման կենտրոնի և «Khachaturian Architects» ստուդիայի կողմից, որոնք հաղթել են Պետական գույքի կառավարման կոմիտեի հայտարարած երկփուլ մրցույթում։ Կնքված հուշագրով սահմանվել է, որ նախքան գույքի օտարումը պետք է կազմվի ներդրումային փաթեթ՝ ներառելով գույքի լավագույն օգտագործման տարբերակները, քաղաքաշինական, կոմունիկացիոն և իրավական սահմանափակումները, ինչպես նաև անհրաժեշտ նախնական թույլտվությունները։
Առաքելյանը նաև նշեց, որ գույքի գնորդը, բացի գնահատված արժեքից, պետք է վճարի նաև նախագծի կազմման համար։
«Նախագծի կազմման գումարը ներառված չէ գույքի վաճառքի արժեքի մեջ, բայց գույքի գործարքի անբաժանելի մաս է»,- ասաց նա՝ հավելելով, որ փաթեթի կողմնորոշիչ արժեքը կազմում է գույքի գնահատված արժեքի 1,5 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 30 միլիոն դրամ։
Արաքս Առաքելյանն ընդգծեց, որ ներկայում չկա Կառավարության վերջնական որոշում շենքի ճակատագրի վերաբերյալ, իսկ տարածվող պատկերները միայն էսքիզային առաջարկներ են։
«Այն, ինչ դուք համացանցում տեսել եք, ընդամենը պրեզենտացիոն տարբերակ է, էսքիզ, թե այդ շենքը ինչպես կարելի է շահագործել»,- ասաց նա՝ հավելելով, որ ներկայացված տարբերակը ներառում է հյուրանոցային համալիր, սակայն ապագա գնորդը ինքն է որոշելու, թե ինչ նպատակով օգտագործի գույքը։
Նրա խոսքով՝ շենքի քանդում նախատեսված չէ, և խոսքը հիմնականում վերաբերում է վերականգնմանն ու վերանորոգմանը։
«Ներդրումային փաթեթը ներառում է նաև շինթույլտվություններ, սեյսմիկ անվտանգության, գեոդեզիական և այլ տեխնիկական փաստաթղթեր, որպեսզի ապագա գնորդը պատրաստ վիճակում ստանա բոլոր անհրաժեշտ տվյալները և կարողանա անմիջապես սկսել տնտեսական գործունեությունը»,- ասաց Առաքելյանը։
Ինչ վերաբերում է շենքում գործող կազմակերպություններին, Առաքելյանը նշեց, որ այս պահին որևէ փոփոխություն չկա։
«Քանի որ դեռ որպես այդպիսին ինչ-որ շոշափելի բան չկա, որոշում չկա, դրա մասին վաղ է խոսելը»,- ասաց նա՝ հավելելով, որ շենքում շուրջ 47 տարածք ներկայում վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է, և վարձակալները շարունակում են իրենց գործունեությունը։
Նրա խոսքով՝ հնարավոր որոշման դեպքում բոլոր վարձակալները պատշաճ կերպով կծանուցվեն։



