«Երևանի Գինու Օրեր»` խորհրդարանական ընտրությո...

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ և հենց ընտրությունների օրը Երևանի կենտրոնում նախատեսվում է անցկացնել տարվա ամենամարդաշատ բացօթյա միջոցառումներից մեկը՝ «Երևանի Գինու Օրեր» փառատոնը։ Մինչ քաղաքացիները գնալու են ընտրատեղամասեր՝ որոշելու երկրի հաջորդ քաղաքական իշխանության կազմը, մայրաքաղաքի Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներում նախատեսված են գինի, երգ ու պար, զբոսաշրջային հոսք, համտեսներ և զանգվածային ժամանցային միջոցառումներ։

Փառատոնի կազմակերպիչների ներկայացմամբ՝ այս տարի միջոցառումը կհամախմբի մինչև 100 գինեգործական ընկերություն և ավելի քան 250 գործընկեր։ Ծրագրում ներառված են գինու համտեսներ, վարպետաց դասեր, համադրման սեանսներ, կենդանի երաժշտական կատարումներ, արվեստային ու մշակութային ակտիվություններ, գործարար հանդիպումներ, խաղեր և ժամանցային միջոցառումներ։

Հատկանշական է, որ փառատոնի եզրափակիչ օրը համընկնում է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրությունների օրվա հետ։

Այսպիսով, ընտրական կարևորագույն օրը Երևանի կենտրոնում նախատեսվում է լայնամասշտաբ հարբածություն՝ երգի, պարի և զբոսաշրջային ակտիվ հոսքի հնարավոր բոլոր հետևանքներով։ Հարց է առաջանում՝ արդյո՞ք նման մասշտաբի ժամանցային միջոցառման անցկացումը հենց ընտրությունների օրը չի կարող ազդել ընտրական գործընթացի կազմակերպման, հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների մասնակցության բնականոն ընթացքի վրա։

Փառատոնի մուտքն ազատ է, սակայն գինիներ համտեսելու և խաղարկություններին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ «Գինին Վայելելու Փաթեթ», որը ներառում է բրենդավորված ապակե բաժակ, պատյան, գինու համտեսի 12 տոմսակ, խաղարկության կտրոն, թեմատիկ բացիկներ, ինչպես նաև տեղեկատվական բուկլետ՝ քարտեզով և ծրագրով։

Ահա այսպես, ընտրության օրը տոն է լինելու՝ «կզացնելու», «ասֆալտ ուտեցնելու», «լակոտներին բռնելու» խոսույթով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: