Երևանի և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի...

 Երևանի և Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի միջև գործարար կապերի զարգացման, համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն են քննարկել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ Գյուննար Շելլենբերգերի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Լուկաս Ֆլյոթերը:

Ինչպես հայտնում է երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունը, խոսելով քաղաքային տնտեսության զարգացման ծրագրերի մասին՝ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ, հաշվի առնելով հայ-գերմանական հարաբերությունների ներկա բարձր մակարդակը՝ քաղաքապետարանը բաց ու պատրաստակամ է դիտարկել ներդրումային փոխշահավետ առաջարկները:

Շնորհակալություն հայտնելով հանդիպման հնարավորություն ընձեռելու համար՝ Գյուննար Շելլենբերգերն ընդգծել է իրենց գործարարների հետաքրքրվածությունը տարբեր բնագավառներում գործակցության հաստատմամբ: Առաջարկներ են հնչել կրթության, առողջապահության ոլորտներում նոր նախագծերի և փորձի փոխանակման ծրագրերի վերաբերյալ:  

Անդրադառնալով Երևանի և Սաքսոնիա երկրամասի Լայպցիգ քաղաքի միջև դեռևս 2021 թ. բարեկամական հարաբերություններ հաստատելու մասին մտադրությունների հուշագրին՝ գերմանական կողմը հույս է հայտնել, որ այն  կարող է վերաճել ծրագրային հստակ գործակցության: Նա Երևանի գործընկերներին հրավիրել է Գերմանիա: