Երևանի դպրոցների մեծ մասում արգելվել է էլեկտր...

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ՝ Երևանի համայնքային 151 դպրոցներից 143-ում սմարթֆոնների և էլեկտրոնային այլ սարքերի օգտագործումն արգելվել է: 

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ դրանց արգելումն ամրագրված է կրթական հաստատությունների ներքին կարգապահական կանոններում:

«Այսպիսի նախաձեռնությունները շատ երկրներում արդեն վաղուց ապացուցել են իրենց արդյունավետությունը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դասի ընթացքում հեռախոսների սահմանափակումը միջինում 6–14%-ով բարձրացնում է աշակերտների առաջադիմությունը:

Բացի դրանից, միայն հեռախոսի առկայությունը, անգամ եթե այն չի օգտագործվում, նվազեցնում է ուշադրության մակարդակը, իսկ սահմանափակման պայմաններում աշակերտները կարողանում են ավելի երկար և ավելի լավ կենտրոնանալ։

Խելացի սարքավորումների կիրառումը թույլատրվում է միայն ուսումնական նպատակներով՝ ուսուցչի հրահանգով՝ դասագրքերում QR ծածկագրերից օգտվելու համար»,– նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։