Երևանի բնակիչը կանխել է հանցագործությունն ու...

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանցագործության կանխման ընթացքում ցուցաբերած խիզախության և անձնազոհության համար ՀՀ քաղաքացի Արայիկ Անանյանին պարգևատրել է շնորհակալագրով:  ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ընդունելով Արայիկ Անանյանին՝  Արթուր Դավթյանը շնորհակալություն է հայտնել, ընդգծել   քաղաքացիների աջակցության կարևորությունը թե՛ հանցագործությունների կանխման, թե՛ բացահայտման գործում: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևորել է  քաղաքացի Արայիկ Անանյանի այդ քայլը, դեպքին  անմիջական մասնակցությունը, ինչի  շնորհիվ հաջողվել է կանխել հանցագործությունը և փրկել կնոջ կյանքը:

Դեպքը տեղի  է ունեցել  2022-ի  հունիսի 17-ին:  Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Բաբաջանյան փողոցից «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել Թ. Գասպարյանը: Պարզվել է, որ հասարակական տրանսպորտի կանգառում Մ. Մկրտչյանը մոտեցել է կնոջը՝ Թ. Գասպարյանին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել նրա հետ, և ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ձեռքով բռնել Թ. Գասպարյանի պարանոցից, ասել, որ կսպանի, դանակով հարվածներ հասցրել պարանոցին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դեպքին ականատես Արայիկ Անանյանի միջամտությամբ, հանցագործության գործիք համարվող դանակը Մ. Մկրտչյանը  թողել է դեպքի վայրում և դիմել փախուստի: Այնուհետև տուժած կնոջը օգնություն է ցուցաբերվել:

Դեպքի առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Մ. Մկրտչյանը կալանավորված է: Նախաքննությունը շարունակվում է: