Հայ-ռուսական հարաբերությունները միշտ փորձել է խարխլել Արևմուտքը, ով դրան մասնակցել է Արևմուտքի ծառան է. Երևանի բերդի գրավման 197-ամյակին նվիրված տոնական երթի ժամանակ հայտարարեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Երջանիկ Ղազարյանը՝ հիշեցնելով, որ այդ հարաբերությունները սկսել են վատանալ 2018 թվականից հետո։
Նա նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս մակարդակը գոհացուցիչ չէ, գնում է դեպի անկում և այն գործող իշխանություններն են օր օրի վատացնում։
«Բայց հայամետ ուժերի խնդիրն է, ովքեր գտնում են, որ ՀՀ-ի ապագան, անվտանգությունը ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ ունենալն է, ոչ թե միայն եղածը պահելը, այլ ավելի զարգացնելը բոլոր ուղղություններով»,-հայտարարեց Ղազարյանը։
Անդրադառնալով օրվա խորհրդին ՝ Ղազարյանն ասաց. «Երևանի բերդի ազատագրումը համարվում է հայ-ռուսական բարեկամության պատմության լավագույն օրինակ»։
Երթի մասնակցիներից էր նաև ԲՀԿ խորհրդի անդամ Արման Աբովյանը, ով նշեց, որ միջոցառումը պատմական կոնտեքստով է:
«Այսօր փորձում են ձևափոխել ընդհանուր եզրերը որոնք կային թե՛ Ռուսաստանի, թե՛ առհասարակ եվրասիական պետությունների հետ: Այստեղ խնդիրը ռուսամետ, արևմտամետ լինելը չէ, ավելի խորքային է:
Յուրաքանչյուր գործընթաց, որը կապված է մեր ընդհանուր պատմության հետ չպետք է ենթարկվի կոնյուկտուրային փոփոխությունների ոչ մի պարագայում, մի ժողովուրդ, որ իր պատմությունը չգիտի, չունի ապագա, իսկ մենք պատմություն սիրող հարգող ժողովուրդ ենք»,- ասաց նա:
Երթի ընթացքում ծաղկեպսակ դրվեց ամրոցի ազատագրման գործում մեծ ներդրում ունեցած գեներալ Իվան Պասկևիչի կիսանդրու մոտ, ապա Ստեփան Շահումյանի արձանի մոտից մասնակիցները շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն, որտեղ ծածանվեց սովետական միության հսկայական դրոշը, ապա անցկացվեց տոնական միջոցառում: