Մայիսի 19-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի «Երևան Սիթի» սուպերմարկետում ընկնելու հետևանքով գլխուղեղի ցնցում ախտորոշմամբ շտապօգնությունը «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխել մի կնոջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 43-ամյա Հայարփի Շ․-ն է։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ մայիսի 18-ին ժամը 08։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի 5/1 հասցեում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետում Հայարփի Շ․-ի ամուսնու, Երևանի բնակիչ 48-ամյա Արտյոմ Հ․-ի և նույն վայրում աշխատող ոմն Հովոյի միջև աշխատանքային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ վերջիներս ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, որի ընթացքում ամուսնուն մոտենալիս ոմն Հովոն 1 անգամ ձեռքով հարվածել է Հայարփի Շ․-ին և վերջինս վայր է ընկել գետին, ինչի հետևանքով պատճառվել է ֆիզիկական ցավ։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ոմն Հովոն հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ 54-ամյա Հովհաննես Մ․-ն և ձեռնարում են միջոցառումներ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով Հայարփի Շ․-ն և Հովհաննես Մ․-ն աշխատում են նշված սուպերմարկետում, որպես հացթուխներ:



