Երեկ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս խոսեց բանակի դիրքորոշման մասին: Առաջին նախագահի հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Միաժամանակ չափազանց վտանգավոր և դատապարտելի եմ համարում որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու հայտարարությունները՝ ռազմական հեղաշրջումը որպես պետության առողջացման դրական միջոց ներկայացնելու՝ դա հիմնավորելով որոշ երկրներում արձանագրված հաջող օրինակներով (Հարավային Կորեա, Եգիպտոս): Այդպիսի օրինակներ, անշուշտ, կան, բայց տասնապատիկ ավելի շատ են այն դեպքերը, երբ հեղաշրջումները, դառնալով պարբերական, բառիս բուն իմաստով հանգեցրել են պետականության ոչնչացման և ժողովուրդների տևական տառապանքների (Աֆղանստան, Սուդան, Նիկարագուա, Հաիթի, Դոմինիկյան Հանրապետություն, Լիբիա, Սոմալի, Եմեն, Իրաք, Սիրիա, Լիբանան, Նիկարագուա և այլն)»:
Հետաքրքիր է, որ առաջին նախագահը նման հայտարարություն է անում այն դեպքում, երբ իր քաղաքական գործունեության ընթացքում մեկ անգամ 1996 թվականին իր կողմից կեղծված նախագահական ընտրություններից հետո բանակը մտցնելով Երևան պահել է իր իշխանությունը, իսկ 2008 թվականին ակտիվ քայլեր էր ձեռնարկում, որպեսզի բանակի ղեկավարությունn, ի աջակցություն իր ղեկավարած ընդդիամդիր շարժման, հայտարարությունnեր աներ: Նրան հաջողվեց կարճ ժամանակով իր կողմը քաշել պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանին և Գագիկ Մելքոնյանին:
Այս առիթով Տեր-Պետրոսյանն անգամ հատուկ ելույթ ունեցավ Ազատության հրապարակում և իր աջակցիներին կոչ էր անում բացականչել փոխնախարարներ Մանվել Գրիգորյանի և Գագիկ Մելքոնյանի անունները: Մանվել, Մանվել.....Գագիկ, Գագիկ,-բացականչում էր Տեր-Պետրոսյանը: Եվ սա այն դեպքում, երբ պետության կործանման վտանգ չկար, հազարավոր զոհեր և պատերազմում պարտություն չունեինք: Տեր-Պետրոսյանը ցանկանում էր, որ բանակը միջամտի քաղաքական գործընթացներին միայն նրա համար, որ ինքը կրկին անգամ մեծամասնության ձայնը չունենալով դառնա նախագահ:
Այսպիսի քաղաքական անցյալ ունենալու դեպքում նման կոչով հանդես գալը առնվազն երեսպաշտություն է կամ առաջին նախագաhը գիտակցել է իր սխալը ու կոչ է անում, որ իր սխալը չկրկնեն, բայց այս դեպքում լավ կանի սկզբում ներողություն խնդրի հանրությունից և նոր պետականամետության դիրքերից խորհուրդներ տա:



