32-ամյա կնոջ պատմությունը սարսափ ֆիլմ է հիշեցնում։ Ամուսինը ցանկացել է նրան սպանել երեխաների աչքի առջև։ Տղամարդը 2021 թվականի նոյեմբերին ընտանիքին կողպել է տան նկուղային հարկում, որտեղ պարբերաբար ծեծել է կնոջը՝ երեխաների ներկայությամբ։ Մի օր էլ դանակներն ու կացինը դրել է սեղանին ու երեխաներին ասել․ «Էրեխեք, հաջող արեք ձեր մորը, հեսա մորթում եմ․․․»։ 11-ամյա տղան և 13-ամյա աղջիկը աղաչել են հորը չսպանել մորը, սակայն վերջին չի անսացել երեխաների խնդրանքներին, նաև զգուշացրել է, որ չփորձեն միջամտել։ Այնուհետև սկսել է նկարագրել, թե ինչպես է մորթելու։
Մայրը երեխաներին խնդրել է որևէ դեպքում չմիջամտել․ «Վախենում էի, որ էրեխեքին էլ կվնասի, խնդրեցի, որ զուգարան տանի, որ չտեսնեն։ Ինքն ասեց՝ մեռնողի վերջին ցանկությունն օրենք է ու տարավ էրեխեքին»,- արցունքն աչքերին հիշում է Կարինեն (անունը փոխված է)։ Չնայած լարված վիճակին՝ կինը հասկացել է, որ կարող է փախչել պատուհանից։ «Ինձ պետք էր, որ ինքը մի անգամ էլ դեպի զուգարանը գնա, որ ես հասցնեմ դուրս գամ պատուհանով, ասեցի՝ որ ինձ մորթես, իմ գոռոցներից էրեխեքը չեն դիմանա, կբացեն դուռը, զամոկով փակի։ Գնաց որ փակի, ես վայրկյանական դուրս թռա, դեմքով ընկա քարերի վրա»,- Factor.am-ին պատմում է Կարինեն։
Տան հողամասը հարևանի հողամասից բաժանում է մի մետաղյա ցանց, որի վրայով անցնելիս ցանցի ծայրը խրվել է Կարինեի հագուստի մեջ և դանդաղեցրել փախուստը։ Այդ ընթացքում ամուսինը դանակը ձեռքին վազել է նրա ուղղությամբ։ Կնոջը հաջողվել է հասնել հարևանի տուն ու մտնել ներս։ Ամուսինը քարով կոտրել է հարևանի տան ապակին ու դանակը շպրտել․ այն դիպել է հարևանուհու նախաբազկին ու վնասվածք հասցրել նրան։ Կինը ոստիկանություն է զանգել ու զգուշացրել է ամուսնուն, որ շուտով ոստիկաններ կգան, որից հետո նա վերադարձել է տան նկուղային հարկ՝ դանակները թաքցնելու։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ factor.am



