Երեկ հետաքրքիր, հա՛մ ծիծաղելի, հա՛մ նողկալի դեպք է տեղի ունեցել: Պատգամավորներից մեկը դուրս էր եկել անհայտ կորածների ծնողների մոտ և ասում էր՝ դե դիմացեք, երկու ամիս բան մնաց, հեսա Նիկոլին «ռադ կանենք» իր ընկերներով, «կեթան», ու դա անում էր Հակոբ Ասլանյանը: Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանն ասաց, որ հիշում է, թե ինչպես էր ՔՊ խմբակցության նիստի ժամանակ Ասլանյանը լաց լինում, ասում, որ մնա խմբակցությունում, առաջարկություն անում, թե ձևացնեն, որ իրեն չեն ճանաչում:
«Գիտեք՝ այդպիսի դեպքեր ունեցել ենք մեր քաղաքական պատմության մեջ և վստահ եմ՝ էլի կունենանք, որ մարդիկ Նիկոլ Փաշինյանի շողքը տեսնում են, իրենց թվում է՝ իրենք են, աստղայինը տանում է, մտածում են, թե իրենք լուրջ քաղաքական ապագա ունեն»,-նշեց Սիմոնյանը:
ԱԺ նախագահի խոսքին զուգահեռ Ասլանյանը պարբերաբար արձագանքում էր, Սիմոնյանը՝ շարունակում:
«Ուզում եմ իրեն շնորհավորեմ, որ մենք ձեզ «ռադ արինք», բայց այնպես պահեցինք, որ թոշակի հարցը կլուծեք։ Այնուամենայնիվ, թոշակը կստանաս, մի անհանգստացիր, բայց ամոթ է, ձեզ հավաք պահեք և ձեր չափի մեջ պահեք։
Նիկոլ Փաշինյանի շողքը հանկարծ չմտածեք, որ դուք եք, կամ կարող եք երբևէ լինել: Իրոք երկու ամիս մնաց, հետո ձեզ երևի փողոցում մարդիկ տեսնեն, նույնիսկ չճանաչեն»,-հավելեց նա։



