
Երդվյալ ատենակալների մասնակցության տարբեր մեխանիզմներ կան տարբեր երկրներում, առավել զարգացած համակարգ կա ԱՄՆ-ում, բայց Ֆրանսիայի և Գերմանիայի համակարգերը ևս ենթադրում են նմանատիպ ինստիտուտների առկայությունը, լրագրողների հետ զրուցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման մասին հայտարարությանը՝ ասաց ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Եթե փորձում ենք վերլուծել ԱՄՆ-ի օրինակը, ապա այստեղ կողմերից տարբեր նահանգներում տարբեր կանոնակարգումներ կան, բայց նրանք որոշում են բացառապես անձի մեղավորության կամ անմեղության հարցը։ Այսինքն՝ այդ մասով արդարադատություն նրանք են իրականացնում։ Մնացած հարցերը կարգավորվում են դատարանների կողմից։ Այսինքն, երբ կա Երդվյալ ատենակալների ինստիտուտ, այդտեղ դատավորը միշտ ներկա է գտնվում։ Երդվյալ ատենակալները նախկինում չպետք է դատված լինեն, որևէ փոխկապակցվածություն ունենան կողմերի հետ։ Բայց սա քննարկում է և կարելի է քննարկում ծավալել այս ամսով»։
Վարդանյանը շեշտեց, որ սա նոր քննարկում չէ և 1995 թվականի Սահմանադրության մեջ հնարավորություն է սահմանվել Երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատավարություններ իրականացնելու։