Էրդողանը մեկնել է Կատար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 15-ին մեկնել է Կատար՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) և Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովին։

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: 

Ռեջեփ Թայիփ Էրդողանին Կատար են ուղեկցել նրա կինը՝ Էմինե Էրդողանը, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալընը, նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը, նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գրասենյակի ղեկավար Բուրհանեթթին Դուրանը և Արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ, առողջապահական քաղաքականության գրասենյակի ղեկավար, պրոֆեսոր Հալիթ ԷրեբաԷանը։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Թուրքիայի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Կատար։

Իսրայելի կողմից Կատարին հասցված հարվածներից հետո Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ ալ-Թանիի հետ, որի ընթացքում նա Թուրքիայի աջակցությունն էր հայտնել Կատարին։