Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքմենստանի Ավազա քաղաքում կմասնակցի Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ղեկավարների հետ առաջին եռակողմ գագաթնաժողովին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հայտնել է Anadolu գործակալությունը։
Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը կհանդիպեն Ավազայում՝ քննարկելու երեք երկրների միջև համագործակցության հետագա խորացմանն ուղղված քայլերը, հատկապես առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում։
Գագաթնաժողովում առաջնորդները կստորագրեն համագործակցության ամրապնդմանն ուղղված մի քանի համաձայնագրեր։ Գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը նաև երկկողմ բանակցություններ կանցկացնի։
Գագաթնաժողովի ընթացքում, ինչպես նաև նախարարների հանդիպումներում կքննարկվեն համագործակցության բոլոր ասպեկտները, հատկապես՝ առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում, և մտքերի փոխանակում կանցկացվի տարածաշրջանային և միջազգային արդի հարցերի շուրջ։



