Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով բարձրաստիճան թուրք պաշտոնյային:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթ Սամարղանդում Պուտինի հետ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումները»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի հաստատված 49 զոհ և վիրավորներ։



