1915թ. արևմտահայությանը ցեղասպանության ենթարկելուց և հայ ժողովրդի պատմական բնօրրանը բռնազավթելուց հետո Թուրքիան վերջին հարյուր տարիների ընթացքում ձգտել է նույն նախճիրը կատարել նաև արևելահայության նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ԱԳՆ-ն։
Հայ ժողովրդի կազմակերպված պայքարի շնորհիվ՝ հայասպան այդ ծրագրերը մշտապես ձախողվել են:
2020թ. սեպտեմբերի 27-ին օգտվելով միջազգային և տարածաշրջանային բարենպաստ պայմաններից՝ Թուրքիան ու Ադրբեջանը, միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ ուխտադրժորեն հարձակվելով Արցախի Հանրապետության վրա, պատերազմական գործողությունների ընթացքում կրկին փորձել են ցեղասպանության ենթարկել հայությանը:
Իր պատմական հայրենիքից հայ ազգաբնակչության բռնի տեղահանության պատճառով հազարավոր մարդիկ հայրենազրկվել են, ոչնչացվել և պղծվել են ազգային-քրիստոնեական հարյուրավոր կոթողներ:
Էրդողանի անհրավեր այցն Արցախի բռնազավթված տարածքներ, մասնավորապես՝ երբեմնի ծաղկուն մայրաքաղաք Շուշի, մենք դիտարկում ենք որպես սպառնալիք և ուժի ցուցադրման նոր փորձ: Դա Բաքվում «ռազմավարի պուրակի» բացման շարունակությունն է, որը ենթադրում է հետպատերազմյան շրջանում հայ ժողովրդի նկատմամբ հոգեբանական և բարոյական նոր ճնշումների որդեգրում:
Էրդողանի սադրիչ գործողությունը տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ գործունեության ձախողման փորձ է, փխրուն կայունությանը հարվածելու դիվային ծրագիր:
Թուրքիայի նախագահի նմանօրինակ քայլը նոր մարտահրավեր է ոչ միայն ՀՀ-ին և ԱՀ-ին, այլ նաև Ռուսաստանին և Իրանին:
Մենք դիմում ենք միջազգային կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, մասնավորապես՝ ՌԴ-ին՝ զսպելու Թուրքիայի ագրեսիվ նկրտումները, որոնք հղի է նոր վտանգներով:
Համայն հայությունը այս դժվարին օրերին պետք է բռունցքվի և դիմակայի նոր մարտահրավերներին:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցություններ՝
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ»
«Միասնական Հայրենիք»
«Արդարություն»
«Հայ Հեղափոխական Դաշնակություն»
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն