Ես որ վարչապետ չլինեմ, 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու, ֆայլաբազարում եք կանգնելու, որ փող վաստակեք։ Մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի հարցին։
Նա համոզմունք է հայտնել, որ այդ լրագրողը կքվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, բայց այդ մասին չի ասի, քանի որ կզրկվի ֆինանսավորումից։ «Դուք հիմա այլ բան չեք ասում, որովհետև վաղվանից կկտրվի Ձեր ֆինանսավորումը, երբ որ չքվեարկեք ՔՊ-ի օգտին, էլի կտրվելու ա ձեր ֆինանսավորումը, որովհետև ձեր գործունեությունը դառնալու է անիմաստ։ Որովհետև Ձեր նման լրագրող պետք չի լինելու ՀՀ-ում։ Դուք գործազուրկ եք լինելու։ Դուք աշխատանք ունեք, որովհետև ես վարչապետ եմ, որովհետև էն մարդիկ ովքեր Ձեզ ֆինանսավորում են, իրանց պետք եք դուք, որ գաք էս միկրաֆոնի տակ կանգնեք՝ «դոշ ծեծելով» ասեք ինչքան վիրավորական, ինչքան, կներեք բարոյականության հետ սահմանակցող արտահայտություն անեք ու իրանք էլ ասեն «Տեսեք ինչ թույլ ա, ծնոտին չտվեց»։ Բայց իմ ուժեղությունը ծնոտին տալու մեջ չի, իմ ուժեղությունը լեգիտիմության մեջ ա», - ընդգծել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ նման լրագրողը նորմալ լրագրողական միջավայրում աշխատանք չէր ունենա։



