Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ իշխանությունը պետք է անկեղծ շփում ունենա քաղաքացիների հետ և մարդկանց հստակ բացատրի, թե ինչ է տեղի ունենում երկրի շուրջ։ Վարչապետի խոսքով՝ երբ իշխանությունը մարդկանց բացատրի, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում երկրի շուրջ, նրանք կհասկանան իրենց:
Փաշինյանը այս մասին ասաց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցին ներկայացմանը:
Խոսելով խաղաղության մասին՝ վարչապետն ասաց՝ քանի որ Վրաստանի և Իրանի հետ Հայաստանը ոչ թե հարաբերությունների կարգավորելու, այլ դրանք ավելի խորացնելու խնդիր ունի, ապա խաղաղություն նշանակում է կարգավորված հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Իսկ թե որքանո՞վ է դա իրատեսական, իրագործելի՝ Փաշինյանը նկատեց, որ այս հարցն ունի երկու երես: «Առաջինը՝ քանի որ խաղաղությունը միայնակ չեն կառուցում, որքանո՞վ Ադրբեջանի գործողություններն ու քաղաքականությունը կլինեն խաղաղությանը միտված։ Երկրորդը՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, եթե քաղաքական, դիվանագիտական մակարդակում ձեռք բերվեն կոմպրոմիսներ, դրանք որքանո՞վ ընդունելի կլինեն ՀՀ քաղաքացիների համար, և քաղաքացիները որքանո՞վ թույլ կտան երբեմն ցավոտ լուծումների գործնական իրագործումը: Բայց սա նույնպես մեր պատասխանատվությունն է, հարգելի գործընկերներ: Եվ մենք պետք է մեր մտքերի ու գործողությունների ընթացքը հասկանալի դարձնենք ՀՀ քաղաքացիներին: Եվ երբ նրանք դա հասկանան, նաև կընդունեն»,-ասաց վարչապետը:
Ըստ վարչապետի՝ շատ ուժերի առանցքային նպատակն է, որ իշխանությունը կորցնի քաղաքացիների հետ զրույցի, խոսակցության թելը: Փաշինյանը շեշտեց, որ դա չպետք է թույլ տան: «Եվ, երբ տուն առ տուն, գյուղ առ գյուղ, թաղամաս առ թաղամաս, քաղաք առ քաղաք մարդկանց բացատրենք, թե ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում մեր երկրի շուրջ, նրանք մեզ կհասկանան: Նրանք մեզ հասկանում են, հակառակ դեպքում մենք այստեղ չէինք լինի»,-ասաց Փաշինյանն ԱԺ ամբիոնից:
Նա իրենց ուժի ամենամեծ թերությունն ու ամենամեծ առավելությունը համարեց այն, որ իրենք ամենևին էլ «իշխող, կառավարող էլիտա» չեն, իրենք ՀՀ միջին վիճակագրական քաղաքացիներ են, որոնք կառավարելու մանդատ են ստացել ժողովրդից:



