Վերջին ամիսներին մենք շատ հաճախ քննարկում ենք երկրում հանցավորության վիճակը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ոստիկանության ոլորտի բարեփոխումների իրականացման ռազմավարության և 2024-2026 թվականների կատարվող կտրվածքով գործողությունների ծրագրի քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է այս պրոբլեմի ավելի ու ավելի խորը հասկանանք: Մի կողմից պարզ է, որ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հանցավորությունների հաշվառման նոր համակարգ են դրել:
Ես հիշում եմ, որ նախկինում անընդհատ մամուլում և քաղաքական հարթակներում քննարկվում էր դեպքերի թաքցնելու պրակտիկան, որը բոլորս գիտենք, որ եղել է։ Բայց մյուս կողմ կողմից, ամեն անգամ, երբ որ ես լրատվությունը նայում եմ, տեսնում եմ ինչ-որ մեկը ինչ-որ մեկին կրակել է, դա շատ մեծ պրոբլեմ է: Մենք չենք կարող ուղղակի ասել՝ հա, դե այն մեկը խմած է եղել, այն մեկը ջղայնացած է եղել, այն մեկը հարևանի հետ պապական թշնամի է, այն մեկը հոգեկան առողջության խնդիր ունի, այսինքն պատճառ միշտ էլ կգտնվի, բայց դա ոչ մի չի արդարացնում կատարվածը»,- հայտարարեց Փաշինյանը:
Նրա խոսքով, իրավապահ համակարգի արդյունավետությունը հենց սրանով է չափվում. «Որովհետև մարդը հանրային ազդակը ստանում է, որ մեկը մեկին կրակեց, այն մեկը՝ այն մյուսին, հետո այն մեկը՝ այն մեկին: Հետո մենք բացատրում ենք, որ գիտեք, այն մեկը խմած էր, այն մեկը չխմած էր, այն մեկը մրսած էր, այն մեկը շոգած էր, դա չի հարցը, պետք է վերջ տալ դրան։
Մեկ, երկու, երեք, չորս, բայց արդեն հինգերորդ անգամ ից դա անհանդուրժելի է, գոնե, գոնե ինձ համար, չենք կարող նստել, այդպես ասել՝ դե պարզ է, որ պետք է կրակեր: Ոչ պարզ չի և պետք է չկրակել։ Եվ ոստիկանությունը մենք սրա համար ենք բարեփոխում, որ այդ բոլոր հարցերը լուծվի»:
Փաշինյանը նկատեց, որ վերջին տարիներին և՛ ոստիկանությունում, և՛ ԱԱԾ-ում աննախադեպ ծավալի և չափերի ներդրումներ են արվել, և հանրությունը այս ներդրումների արդյունքները պետք է տեսնի: