Նորվեգիայի ոստիկանությունը կոռուպցիայի հարցով հետաքննություն է սկսել երկրի նախկին վարչապետ Թորբյորն Յագլանդի նկատմամբ՝ սեռական հանցագործ Ջեֆրի Էփշթեյնի հետ ենթադրյալ կապերի առնչությամբ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նորվեգիայի ոստիկանության հատուկ ստորաբաժանումը, որը վերլուծում է ԱՄՆ-ում վերջերս հրապարակված Էփշթեյնի գործը, հայտարարել է, որ նախկին վարչապետը կասկածվում է կոռուպցիայի համար։
Գաղտնազերծված փաստաթղթերը պարունակում են տեղեկություններ, որոնք կարող են վկայել այն մասին, որ Յագլանդը պաշտոններ զբաղեցնելու ընթացքում ստացել է նվերներ, ճանապարհորդական փոխհատուցում և վարկեր։
Ոստիկանությունը հայտնել է, որ արդեն դիմել է Արտաքին գործերի նախարարություն՝ վերացնելու նրա անձեռնմխելիությունը, որը պայմանավորված է նախկինում դիվանագետի պաշտոն զբաղեցնելով։
«Մենք կարծում ենք, որ կան հետաքննության համար բավարար հիմքեր՝ հաշվի առնելով, որ նա զբաղեցրել է Նոբելյան հանձնաժողովի նախագահի և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնները հրապարակված փաստաթղթերում ընդգրկված ժամանակահատվածում», - նշել է Յագլանդին հետաքննող տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի ստորաբաժանման ղեկավար Փոլ Լյոնսեթը։



