«Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում՝ իշխանական խո...

ՀԱԵ Եպիսկոպոսաց ժողովը Հայաստանից դուրս հրավիրելը բացարձակապես որևէ հակականոնական խնդիր չի առաջացնում:  Այս մասին  24News-ի հետ զրույցում նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով հարցի շուրջ հնչող դիտարկումներին:

«Նման նախադեպեր էլի են եղել պատմության ընթացքում, վերջինը եղել է Վազգեն Վեհափառի օրոք, ժողովն անցկացվել է Կահիրեում։ Եկեղեցու Գերագույն հոգևոր խորհուրդն էլ կարող է Հայաստանից դուրս անցկացվել», – ասաց նա։

Տեր Եսային նաև ընդգծեց, որ Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում հրավիրելու որոշումը կայացվել է ելնելով այն մտավախությունից, որ իշխանությունը կարող է ինչ-որ կերպ խոչընդոտել դրա անցկացմանը:

«Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով իշխանության կողմից եկեղեցահալած քաղաքականությունը և հոգևորականների նկատմամբ ճնշումները», – նկատեց հոգևորականը։

Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին: