Էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պ...

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ սեպտեմբերի 22-ին տեղի ունեցած Կառավարության հերթական նիստի ընթացքում որոշում է ընդունվել, որ կապահովվի «Բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքների պետական աջակցության ծրագրի» ամբողջականությունը, կպարզեցվի ծրագրի շահառուների համար սահմանված ընթացակարգը:

Նաև կհստակեցվեն վարկառուի կողմից ծրագրի շրջանակում մեկից ավելի անգամ օգտվելու պարագայում վերջինիս նկատմամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելու և ավելի սուբսիդավորված գումարները պետբյուջե վերադարձնելու դեպքերը:

Նախատեսվում է նաև շահառուի կողմից ներկայացվող փաստաթղթերի կրճատում։ Հիմնավորման համաձայն՝ ծրագրով նախատեսվում է մինչև 2023թ. հուլիսի 1-ը սուբսիդիա տրամադրել շուրջ 2000 շահառուի: Ծրագրի շրջանակում բնակարանի (բնակելի տան) էներգաարդյունավետ վերանորոգման համար ձևակերպված վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորումն իրականացվելու է հետևյալ պայմաններով. բազմաբնակարան շենքի բնակարանի վերանորոգման դեպքում վարկի սահմանաչափը կազմելու է ոչ ավելի, քան 7 մլն դրամը, իսկ անհատական բնակելի տների համար՝ ոչ ավելի, քան 10 մլն դրամը: Վարկը տրամադրվելու է Հայաստանի Հանրապետության դրամով՝ ոչ ավելի, քան 14% տոկոսադրույքով (փաստացի), առավելագույնը 84 ամիս ժամկետով: Նշված տոկոսադրույքի մասով ֆինանսական կառույցների մոտ առաջացած տարընկալումները բացառելու նպատակով որոշմամբ նախատեսվում է ֆիքսել, որ սահմանվածը փաստացի տոկոսադրույքն է։