ԵՄ–ն ոչնչացնում է Հայաստանում ժողովրդավարությ...

Աշխարհաքաղաքական նպատակների համար Եվրոպական միությունն այս պահին ուղղակիորեն ոչնչացնում է Հայաստանում ազատության վերջին մնացորդները՝ բացահայտ բռնապետությունը քողարկելով ժողովրդավարության մասին կարգախոսներով։ Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ զրույցում, «Հայաքվե» և «Մայր Հայաստան» շարժումների համատեղ բողոքի ակցիայի ընթացքում, Կառավարության շենքի մոտ հայտարարեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա գնահատմամբ՝ երկրում տեղի է ունեցել սահմանադրական կարգի լիակատար ապամոնտաժում, իսկ իրավական համակարգը վերածվել է գործադիր իշխանության պատժիչ գործիքի։ «Շատ կարևոր է հասկանալ, թե այսօր ինչպիսի երկրում ենք գտնվում, որտեղ սահմանադրական կարգն ու ազատություններն այլևս գոյություն չունեն, նույնիսկ սեփականության իրավունք չկա։ Վարչապետը անձամբ հրահանգում է, թե ում ձերբակալել, ում պառկեցնել ասֆալտին, ով է պետական դավաճան, իսկ նրա պատժիչ համակարգը այս ամենը մտք չդնելով կատարում է։ Մենք չունենք խոսքի ազատություն․ դատարանների միջոցով մարդկանց զրկում են խոսելու իրավունքից։ Չկա խղճի ազատություն, որովհետև գործող վարչապետն ինքն է կուլիսային կերպով որոշում, թե ով պետք է լինի Կաթողիկոս, իսկ ով՝ ոչ»,- ընդգծեց Դանիելյանը։

Քաղաքագետը առանձին անդրադարձավ նաև միջազգային կառույցների դերին, որոնք, փաստորեն, «հանդես են գալիս որպես ներկայիս ռեժիմի հովանավորներ» և աչք են փակում իրավական կամայականության վրա՝ հանուն տարածաշրջանում սեփական շահերի առաջմղման։

«Այս բռնապետությունն ունի կոնկրետ արտաքին հովանավորներ։ Եվ նրանցից մեկն այժմ այստեղ է՝ Երևանում. ազգանունով ֆոն դեր Լայեն մի կին, որը այս ամբողջ անօրինականությունը ներկայացնում է որպես ժողովրդավարության պաշտպանություն։ Բայց այն «ժողովրդավարությունը», որ մեզ առաջարկում են, դրա վերջն է։ Եվրոպական միությունն այսօր իր աշխարհաքաղաքական նպատակների համար պարզապես ոչնչացնում է մեր երկրում ազատության վերջին մնացորդները։ Մեր գլխավոր խնդիրն է՝ չխաբվել, պատռել այս միջազգային պաշտոնյաների դիմակները և Հայաստանը վերադարձնել սահմանադրական հուն»,- եզրափակեց Ստեփան Դանիելյանը։