ԵՄ խորհուրդը հունվարի 26-ին համաձայնեցրել է Եվրամիության երկրներ ռուսական գազի ներմուծումից հրաժարվելու կանոնները։ Այս մասին նշվում է ԵՄ խորհրդի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Այսօր ԵՄ 27 անդամ երկրները պաշտոնապես հավանություն տվեցին ինչպես ռուսական խողովակաշարային գազի, այնպես էլ հեղուկացված բնական գազի ներմուծումից փուլային կերպով հրաժարվելու կանոններին», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հեղուկացված բնական գազի ներմուծման լիակատար արգելքն ուժի մեջ կմտնի 2027 թվականի սկզբին, խողովակաշարային գազինը՝ 2027 թվականի աշնանից։
Ըստ հաղորդագրության՝ նոր կանոնները կներառեն միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են Եվրամիությանն էներգառեսուրսների մատակարարման արդյունավետ մոնիթորինգին և դիվերսիֆիկացմանը։
Եվրոպական միություն գազի ներմուծման թույլտվություն տալուց առաջ ԵՄ երկրները պետք է ստուգեն, թե որ երկրում է գազն արտադրվել։
«Նոր կանոնների չպահպանումը կարող է հանգեցնել տուգանքների՝ առնվազն 2,5 միլիոն եվրոյի չափով անհատների համար և առնվազն 40 միլիոն եվրոյի չափով ընկերությունների համար, ընկերության տարեկան ընդհանուր շրջանառության առնվազն 3,5%-ը կամ գործարքների գնահատված շրջանառության 300%-ը», - նշվում է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ԵՄ հաղորդագրության համաձայն, Եվրահանձնաժողովը «պլանավորում է օրինագիծ առաջարկել մինչև 2027 թ. վերջը ռուսական նավթի ներմուծումից փուլային կերպով հրաժարվելու շուրջ»։



