ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կայցելի Հ...

Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հանդիպումը: 

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Մարթա Կոսը ողջունել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը և կարևորել  Հայաստանի հետ հետևողական ու արդյունավետ երկխոսությունը: Նա ուրախությամբ արձանագրել է, որ ավարտվել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի շուրջ քննարկումները, իսկ փաստաթղթի ստորագրումը նախատեսվում է ԵՄ-ՀՀ հաջորդ գործընկերության խորհրդի նիստի շրջանակում: Մարթա Կոսը ևս մեկ անգամ հայտնել է ԵՄ ամուր աջակցությունը Հայաստանի բարեփոխումների հավակնոտ օրակարգին և ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը: 

ՀՀ վարչապետը նշել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ` հույս հայտնելով, որ ՀՀ-ԵՄ սերտ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել տարբեր ուղղություններով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԵՄ օժանդակությունը Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը, տրանսպորտի, ենթակառուցվածքների զարգացմանը, փոքր և միջին բիզնեսի կարողությունների ընդլայնմանը, ԵՄ ստանդարտների ներդրմանը և այլն: 

Զրուցակիցները քննարկել են ԵՄ ֆինանսական գործիքակազմերով մեր երկրում իրականացվող ծրագրերին, տնտեսական գործընկերության խթանմանը վերաբերող հարցեր: 

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին: Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության կողմից այս ուղղությամբ շարունակական աջակցությունը: 

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նշել է, որ առաջիկայում պատրաստվում է այցելել Հայաստան` ավելի առարկայական քննարկելու համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները: