
Եվրամիությունը մինչեւ ապրիլի 9-ը պատասխան կպատրաստի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից սահմանված եվրոպական պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերին։ Այս մասին հայտնել է Politico եվրոպական պարբերականը։ «ԵՄ-ը, ըստ երեւույթին, չորեքշաբթի պատրաստ կլինի պատասխանել Թրամփի կողմից մտցվող պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի նախորդ փուլին»,- գրել է թերթը: Եվրոպան լրացուցիչ բանավեճերի կարիք կունենա հնարավոր պատասխանի շուրջ, սակայն Politico-ն գրել է, որ «մեծ մասն ակնկալում է, որ դաշինքը կքվեարկի պատասխանի շուրջ այս շաբաթ»: Reuters գործակալության տվյալներով՝ ԵՀ-ը երկուշաբթի կառաջարկի ԱՄՆ ապրանքների ցանկը, որոնց վրա լրացուցիչ մաքսատուրքեր կկիրառվեն՝ ի պատասխան ԵՄ պողպատի եւ ալյումինի վրա Վաշինգտոնի մաքսատուրքերի։ Այն կներառի միսը, հացահատիկը, գինին, փայտը, հագուստը, ինչպես նաեւ փոշեկուլները, մաստակը, ատամի թելը, զուգարանի թուղթը եւ ադամանդները: Բացի այդ, ցուցակում կարող է ներառվել ամերիկյան բուրբոնը, որի վրա ԵՀ-ը մտադիր է 50 տոկոս մաքսատուրք սահմանել, որին Թրամփը սպառնացել է հակաքայլով՝ 200 տոկոս մաքսատուրք ամբողջ եվրոպական ալկոհոլի համար։ Չորեքշաբթի քվեարկության ժամանակ հաստատվելու դեպքում որոշ միջոցներ ուժի մեջ կմտնեն ապրիլի 15-ին, իսկ մյուսները՝ մեկ ամիս անց:Ավելի վաղ ԱՄՆ-ը 25 տոկոսի չափով մաքսատուրքեր էր մտցրել եվրոպական պողպատի, ալյումինի, ավտոմեքենաների եւ ավտոպահեստամասերի վրա։