Օգոստոսի 12-ին տեղի է ունեցել ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ անհրաժեշտ հանձնառությունների և ոլորտային գործընթացների արդյունավետ իրագործման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որը ղեկավարում է ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։
ՆԳՆ–ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Կարապետյանը, Ֆինանսների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Մկրտչյանը, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։
Քննարկման առանցքում էր Եվրոպական հանձնաժողովի կողմից վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի գնահատման առաջին զեկույցում հասարակական կարգի և անվտանգության, արտաքին հարաբերությունների և մարդու հիմնարար իրավունքների ոլորտներին վերաբերող առաջարկությունների կատարման ընթացքը։
Արմեն Ղազարյանը նշել է, որ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում Հայաստանի կողմից գլխավոր բանակցող Արփինե Սարգսյանի համակարգմամբ շարունակվում է Գործողությունների ծրագրի պատշաճ իրականացումը և ՆԳ նախարարության հանձնառությունն է ապահովել հենանիշների ամբողջական կատարումը։
Ընդգծվել է, որ արդեն իսկ կատարվել է երրորդ և չորրորդ ուղղություններով առաջարկություններից բխող 72 գործողություններից 41-ը, իսկ 31-ի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։
ՆԳ նախարարի համակարգմամբ՝ Գործողությունների ծրագրի իրականացման աշխատանքների հիմնական շեշտադրումը օրենսդրական և ռազմավարական շրջանակի ձևավորման ուղղությամբ է։
Մինչև տարեվերջ նախատեսվում է ԵՄ գնահատման առաքելության երկու այց Հայաստան։ Հոկտեմբերին գնահատվելու է Գործողությունների ծրագրի առաջին և երկրորդ, իսկ դեկտեմբերին՝ երրորդ և չորրորդ ուղղություններով արձանագրված առաջընթացը։
Խոսելով կատարված աշխատանքի մասին՝ ՆԳՆ ներկայացուցիչներն անդրադարձել են հանցավորության կանխարգելման ռազմավարությանն ու դրանից բխող Գործողությունների ծրագրի մշակմանը։ Նշվել է, որ փաստաթղթերի նախագծերը մշակված են, և աշխատանքներ են իրականացվում դրանց հետագա լրամշակման ու մինչև տարեվերջ ռազմավարության ընդունման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև «ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ՀՀ կառավարության միջոցառումների պլանի» նախագծի երրորդ և չորրորդ ուղղություններով սահմանված գործողությունները։
Մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ հստակեցնելով հետագա աշխատանքների առաջնահերթություններն ու միջգերատեսչական համագործակցության շրջանակում իրականացվելիք քայլերը։



