
ԵՄ-ում վստահ են, որ կկարողանան ճնշում գործադրել Հունգարիայի և Սլովակիայի վրա՝ ապահովելու նրանց աջակցությունը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի ընդունմանը:
Այդ մասին գրել է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։
Ավելի վաղ Սլովակիան և Հունգարիան խոչընդոտել էին հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի հաստատմանը։
«Թեև Սլովակիան և Հունգարիան հետևողականորեն դեմ են հանդես գալիս Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ընդլայնմանը, դիվանագետները վստահ են, որ կկարողանան ճնշում գործադրել նրանց վրա և հասնել 19-րդ փաթեթի ընդունման համար անհրաժեշտ միաձայն աջակցությանը»,-ասվում է հրապարակման մեջ։
Politico-ն մեջբերում է դիվանագետներից մեկի խոսքը, որը հիշեցրել է, որ ՌԴ-ի դեմ եվրոպական պատժամիջոցների բոլոր նախորդ փաթեթներն ընդունվել են։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ավելի վաղ հայտարարել էր, որ ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների 19-րդ փաթեթը պատրաստ կլինի սեպտեմբերի սկզբին։