![ԵՄ-ն թույլատրել է պատժամիջոցներ սահմանել ռուս...](/imgs/posts/medium/2023/06/4a83a7c.jpeg)
Եվրամիության խորհուրդը փոփոխություններ է մտցրել պատժամիջոցների ռեժիմը կարգավորող փաստաթղթում՝ այնտեղ առանձին ամրագրելով ռուս գործարարների ընտանիքների անդամներին սեւ ցուցակներում ընդգրկելու հնարավորությունը:
Այսպիսով, այժմ սահմանափակումներ կարող են սահմանվել ոչ միայն ֆիզիկական անձանց դեմ, որոնց ԵՄ-ն պատասխանատու է համարում «Ուկրաինայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ անկախության դեմ գործողություններին» աջակցելու համար, այլեւ նրանց մերձավոր ազգականների դեմ:
Նոր ձեւակերպման համաձայն՝ պատժամիջոցների տակ կարող են հայտնվել «Ռուսաստանում գործունեություն ծավալող ազդեցիկ կանայք եւ տղամարդ ձեռներեցները, ինչպես նաեւ մտերիմները, նրանց ընտանիքի անդամները կամ այլ ֆիզիկական անձինք, որոնք օգուտ են քաղում»:
Ռուս քաղաքական գործիչների, գործարարների, խոշոր պետական ծառայողների հարազատները նախկինում եւս հայտնվել են պատժամիջոցների ցուցակներում, սակայն Լյուքսեմբուրգում Եվրամիության դատարանը պարտավորեցրել է չեղարկել մերձավոր ազգականների դեմ պատժամիջոցները։