
Եվրոպական հանձնաժողովը նախազգուշացրել է Ուկրաինայի իշխանություններին հնարավոր մաքրոֆինանսական օգնության դադարեցման մասին։ Դա կլինի նոր օրենքի պատճառով, որը խաթարում է Ուկրաինայի Ազգային կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի և Հատուկ կոռուպցիոն դատախազության անկախությունը։ Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) պարբերականը հաղորդում է, երկու էջանոց ծանուցման մեջ ասվում է, որ Ուկրաինային տրամադրվող 50 միլիարդ եվրոյի շրջանակներում բոլոր փոխանցումները «կարող են միանգամից դադարեցվել, եթե օրենքն ուժի մեջ մտնի»
«Էկոնոմիչեսկայա պրավդա» (ԷՊ) պարբերականի աղբյուրները Ուկրաինայի կառավարությունում և Գերագույն ռադայում հաստատել են, որ Եվրահանձնաժողովից ծանուցում են ստացել։ Նրանց խոսքով՝ օգնությունը կդադարեցվի, եթե երկրի խորհրդարանում չգտնվեն ձայներ՝ օրենքը չեղարկելու համար։ «Ամեն ինչ դադարեցվել է մինչև իրավիճակի շտկումը», - ասել է պարբերականի զրուցակիցներից մեկը։ «Էկոնոմիչեսկայա պրավդա»-ի (ԷՊ) աղբյուրի խոսքով՝ ԵՄ կառույցներում, եվրոպական պաշտոնյաները պատրաստվում են նրան, որ հուլիսի 31-ին նախատեսված օրենքի չեղարկման քվեարկության արդյունքում պատգամավորները չեն կարողանա ընդունել օրինագիծը, որը կվերականգնի Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյի և Հակակոռուպցիոն հատուկ դատախազության անկախությունը, ինչպես նաև չեն կարողանա փաստաթղթում փոփոխություններ կկատարել, որոնք այդ վերականգնումը կդարձնեն ոչ ամբողջական։
Պարբերականի զրուցակիցը պարզաբանել է, որ կչեղարկվեն ռուսական ակտիվներից ստացված եկամուտների հաշվին տրամադրվող վարկերը։ Նա նաև ավելացրել է, որ «կդադարեցվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից և Եվրոպական ներդրումային բանկից եկող ֆինանսավորումը»։ Միևնույն ժամանակ «Էկոնոմիչեսկայա պրավդա»-ի տվյալներով Ukraine Facility ծրագրով վճարումների սառեցում չի սպասվում։ Դրա շրջանակներում Կիևը մակրոֆինանսական օգնություն է ստանում՝ կախված իրականացված բարեփոխումներից։ Մինչ այդ ԵՄ-ն հավանություն է տվել այս ծրագրով չորրորդ փոխանցմանը՝ բարեփոխումների ձախողման պատճառով, որի ժամանակ 4,5 միլիարդ եվրոյի փոխարեն Ուկրաինան ստացել էր 3,05 միլիարդ։
Ազգային հակակոռուպցիոն բյուրոն և Հատուկ հակակոռուպցիոն դատախազությունը ստեղծվել են մոտ տասը տարի առաջ՝ արևմտյան երկրների հանձնարարությամբ։ Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ստորագրել է մի օրենք, որը սահմանափակում է հակակոռուպցիոն մարմինների լիազորությունները և փաստացի դրանք ենթարկեցնում Գլխավոր դատախազությանը։ Երկու գերատեսչություններն էլ նախազգուշացրել են, որ սա ոչնչացնում է իրենց ինքնավարությունը։ Զելենսկու որոշումը բողոքի ցույցեր է առաջացրել ուկրաինացիների շրջանում, ովքեր դուրս են եկել բազմաթիվ խոշոր քաղաքների փողոցներ՝ պահանջելով չեղարկել օրենքը։ ԵՄ-ում նույնպես հրապարակայնորեն մտահոգություն են հայտնել օրենքի ընդունման կապակցությամբ։
Դրանից հետո Զելենսկին հայտարարել է, որ հարգում է քաղաքացիների կարծիքը և նորմալ է համարում, երբ «մարդիկ արձագանքում են, երբ ինչ-որ բան չեն ուզում»։ Նա Գերագույն ռադայի քննարկմանն է ներկայացրել օրինագիծ, որը նպատակ ունի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյին և Հակակոռուպցիոն հատուկ դատախազությանը տալ «հակակոռուպցիոն մարմինների անկախության լիարժեք երաշխիքներ»։ Պատգամավորները պետք է հավանություն տան նախաձեռնությանը, սակայն Ռադան մինչև օգոստոսի 19-ը արձակուրդում է։