ԵՄ-ն շարունակում է քննադատել Վրաստանին և չի վ...

Եվրամիությունը շարունակում է քննադատել Վրաստանին և չի փորձում վերանայել հարաբերությունները, մինչդեռ աշխարհում տեղի ունեցող գործընթացները վեր են հանել բազմաթիվ խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում են Եվրոպային: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Ավելի վաղ հավաքական Արևմուտքը մեզ ներկայացվում էր որպես կատարյալ մի բան, բայց վերջին միջազգային գործընթացները վեր են հանել բազմաթիվ խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում են Եվրոպային, որի համար մենք ցավում ենք, քանի որ մեզ համարում ենք եվրոպական տարածության բնական մի մասը», - ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում։

Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ վերջին տարիներին Բրյուսելի կողմից Վրաստանի հասցեին մշտական քննադատություն է հնչում։ Սա, ըստ վարչապետի, կապված է այն բանի հետ, որ Եվրամիության բյուրոկրատիան ինքնուրույն չէ և գործում է «ոչ ֆորմալ ուժերի ազդեցության ներքո»։

«Միանգամայն ակներև է, որ շահավետ ռուսական շուկան կորցնելուց հետո, եթե եվրոպական բյուրոկրատիան գործեր ինքնուրույն, այն կսկսեր այլընտրանքային շուկաներ փնտրել Արևելքում։ Վրաստանն այս առումով օպտիմալ ուղի է, բայց Բրյուսելում չեն ցանկանում վերանայել հարաբերությունները մեր երկրի հետ», - ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ վրացական հասարակությունը Եվրամիության կողմից երկակի չափորոշիչներ է տեսնում և համապատասխանաբար գնահատում դրանք։

«Վրաստանը փոքր երկիր է, բայց մենք վճռականորեն պաշտպանում ենք մեր ազգային շահերը և վարում ենք խաղաղության քաղաքականություն», - ասել է Կոբախիձեն։