
Եվրոպական Միության տրանսպորտային ոլորտի նախարարները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել՝ քննարկելու, միության սահմաններում և դրանից դուրս զորքերի ու տեխնիկայի տեղաշարժը պարզեցնելու հարցը։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնում է ֆրանսիական «Les Echos» թերթը։
Աղբյուրի տեղեկություններով՝ հանդիպման մասնակիցները պայմանավորվել են որոշել երկակի՝ քաղաքացիական և ռազմական նշանակության տրանսպորտի համար ԵՄ ենթակառուցվածքի բարելավման հնարավորությունը։
Նրանք առաջարկում են ստանդարտ դարձնել երկաթուղային գծերի, կամուրջների, ճանապարհների և նավահանգստային օբյեկտների լայնությունը։
Նախարարները նախատեսում են նաև ավելացնել եվրոպական երկրների միջև տրանսպորտային կապերի բարելավման ծրագրի ֆինանսավորումը:
Ինչպես գրում է թերթը, ուկրաինական հակամարտությունը ցույց է տվել, որ ծանր տեխնիկայի տեղափոխումն արևելք երբեմն շատ բարդ խնդիր է։
Նշվում է, որ Եվրոպական երկրների միջև կան բազմաթիվ տեխնիկական և կարգավորիչ խոչընդոտներ, Մասնավորապես՝ ներեվրոպական սահմանները հատելիս, զինվորական շարասյունները ստիպված են ենթարկվել տեղական ճանապարհային կանոնակարգերին և ստանալ տարանցման թույլտվություններ։
Արդյունքում, ըստ թերթի, Եվրոպան չի կարողացել ստեղծել «ռազմական շենգեն» համակարգ, որի վրա աշխատում է ՆԱՏՕ-ի հետ միասին 2017 թվականից։
Այս ծրագիրը նպատակ ուներ ապահովել ռազմական մատակարարումների ազատ տեղաշարժը եվրոպական տարածքով։