Եվրամիությունը քննարկել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի նկատմամբ «անընդունելի միջոցներին» «պատասխանելու տարբերակները», հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում: Այս մասին լրագրողներին Բրյուսելում հայտնել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը, փոխանցում է «Ռիա նովոստին»:
Միշելի հեռախոսազրույցը Ալիևի հետ տեղի է ունեցել նախօրեին, սակայն Եվրախորհրդի ղեկավարի մամուլի ծառայությունը զրույցի մանրամասներ չի հայտնել։
«Նախագահ Միշելը խորը հիասթափություն հայտնեց ստեղծված իրավիճակի կապակցությամբ, իրավիճակը շատ բարդ է, բացասական արձագանք կա միջազգային մակարդակում, այդ թվում՝ ԵՄ-ում, որտեղ առավոտյան (սեպտեմբերի 20-ին) տեղի ունեցան արձագանքման տարբերակների շուրջ քննարկումներ։ Բաքվի կողմից կիրառված միջոցներն ուղղակի անընդունելի են»,- ասել է աղբյուրը:
Եվրոպական խորհրդի ղեկավարը նաև մատնանշել է միջազգային հանրության մասնակցության կարևորությունը Ղարաբաղի էթնիկ հայերի անվտանգության ապահովման գործում։
«Նախագահ Միշելը նաև նշել է հումանիտար իրավիճակի վրա կենտրոնանալու կարևորությունը: Ադրբեջանը պետք է ապահովի Ադրբեջանում էթնիկ հայերի ինքնությունն ու ապագան: Անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է միջազգային հանրության դերը», – ասել է եվրոպական աղբյուրը:
Նրա խոսքով, Եվրախորհրդի ղեկավարը նաև կոչ է արել Ալիևին անձամբ դեր ունենալ՝ հաստատելով «լիարժեք հարգանք քաղաքացիների, ինչպես նաև միջազգային իրավունքի նկատմամբ»։



