Եվրամիությունը լրացուցիչ աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից հայկական որոշ ապրանքների ներմուծման արգելքի և սահմանափակումների ֆոնին։
Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը հայ արտահանողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ հունիսի 4-ին սպասվում են կարևոր հանդիպումներ և հեռախոսազանգեր, որից հետո կհայտարարվի Հայաստանին լրացուցիչ աջակցության միջոցառումների մասին։
«Այսօր ավելի ուշ կարևոր հանդիպումներ կկայանան, հեռախոսազանգեր կլինեն, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որից հետո մենք կհայտարարենք կոնկրետ լրացուցիչ միջոցառումների մասին Հայաստանին աջակցելու վերաբերյալ»,- ասել է Մարագոսը։
Դեսպանը նշել է, որ հայ արտահանողների, տնտեսվարողների հետ հանդիպման նպատակը նրանց գաղափարները լսելն է, թե ինչպես կարող է Եվրամիությունն աջակցել, որպեսզի նրանք կարողանան դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները
Դեսպանը հիշեցրել է, որ Եվրամիությունը աջակցության բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանի մասնավոր սեկտորի համար։
«Հայ գործարարներն ամենահաջողակների թվում են ոչ միայն այստեղ՝ Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում։ Սա իսկապես շատ կարևոր մեկնարկային կետ է, բայց հիմա մենք ցանկանում ենք իմանալ ձեր կարծիքը ընթացիկ մարտահրավերների մասին։ Այս հանդիպման գլխավոր նպատակն է լսել ձեր կարծիքները, իմանալ ձեր սպասելիքների մասին։ Մենք այստեղ չենք Կառավարությանը փոխարինելու համար, թույլ տվեք սա հստակ ընդգծել։ Եվ մենք բացարձակապես նոր բան չենք անում, որովհետև մենք շարունակում ենք այն, ինչ արդեն միասին սկսել էինք»,- ասել է ՀՀ-ում ԵՄ դեսպանը։
Ռուսաստանը վերջին շրջանում պարբերաբար սահմանափակումներ է կիրառում հայկական ապրանքների ներմուծման վրա։ Մասնավորապես, Ռուսաստանն արգելել է Հայաստանի ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրերի, ալկոհոլային որոշ խմիչքների, ձկնամթերքի ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել պտուղ-բանջարեղենի, մրգերի ներմուծման վրա։



