ԵՄ-ն կոչ է անում նվազեցնել կախվածությունը ԱՄՆ...

ԵՄ-ն պետք է պատրաստ լինի փոխարինելու ԱՄՆ ռազմավարական ուժերն ու հնարավորությունները Եվրոպայում և ստեղծելու իրական եվրոպական պաշտպանական միություն: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԵՄ պաշտպանության հարցերով հանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում:

«Մենք պետք է պատրաստ լինենք Եվրոպայում ԱՄՆ ռազմավարական հնարավորությունները փոխարինելու եվրոպականով. դա ռազմավարական առաջնահերթություն է: Մենք պետք է նաև պատրաստ լինենք փոխարինելու այն պայմանագրային ուժերը, որոնք ԱՄՆ-ն ունի Եվրոպայում. դա առաջին քայլն է դեպի եվրոպական անկախություն», - հայտարարել է նա՝ կոչ անելով վերածելու Եվրամիությունը պաշտպանական միության:

Նա նաև նշել է, որ Եվրամիության երկրները պետք է մինչև 2035 թվականի վերջը 6,8 տրիլիոն եվրո ծախսեն սպառազինության համար, եթե կատարեն ՆԱՏՕ-ի շրջանակներում իրենց պարտավորությունները՝ կապված ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելու հետ։

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը ԵՄ երկրների գլխավոր խնդիրն է համարում «արտադրել, արտադրել և կրկին արտադրել» զենք: