ԵՄ-ն կարող է պատասխանել ԱՄՆ-ին 21 միլիարդ եվր...

Եվրամիությունը պատրաստ է ամերիկյան ապրանքների նկատմամբ 21 միլիարդ եվրոյի մաքսատուրքեր սահմանել, եթե Բրյուսելի և Վաշինգտոնի միջև համաձայնություն ձեռք չբերվի: Այս մասին հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին Il Messaggero թերթին տված հարցազրույցում:

«Հնարավոր է հասնել սկզբունքային համաձայնության, ինչպես դա արեց Մեծ Բրիտանիան, և հաջորդ ամիսներին սկսել տեխնիկական բանակցություններ առևտրի առանձին բաժինների վերաբերյալ», - ասել է նա:

Տայանին հավելել է, որ եթե համաձայնություն ձեռք չբերվի, ապա ԵՄ-ն արդեն պատրաստել է «21 միլիարդ եվրոյի եվրոպական մաքսատուրքերի ցանկ, որին կարող է ավելացվել երկրորդը»:

«Ես վստահ եմ, որ առաջընթաց ձեռք կբերվի: Մաքսատուրքերից տուժում են բոլորը՝ սկսած Միացյալ Նահանգներից: Եթե ֆոնդային շուկաներն անկում ապրեն, սպառնալիքի տակ կհայտնվեն  ամերիկացիների կենսաթոշակներն ու խնայողությունները: Կրկնում եմ, ապագայի համար մեր նպատակը զրոյական մաքսատուրքերն են, բաց շուկան Կանադայի, Միացյալ Նահանգների, Մեքսիկայի և Եվրոպայի միջև», - ասել է Իտալիայի արտաքին գործերի նախարարը: 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակի իր էջում հրապարակել էր նամակ Եվրահանձնաժողովի ղեկավարին, որտեղ ասվում է, որ օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները «30% մաքսատուրքեր կսահմանի Եվրամիությունից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների համար»։ Ուղերձում ընդգծվել է, որ նոր մաքսատուրքերը կսահմանվեն «ոլորտային մաքսատուրքերից առանձին», որոնք այժմ կազմում են 10% ԵՄ-ից ներմուծվող ապրանքների համար։

ԵՄ-ում հայտարարել են, որ եվրոպական արտահանման նկատմամբ սահմանվող մաքսատուրքերը կխաթարեն մատակարարումների անդրատլանտյան հիմնական շղթաները։ Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ «մինչև օգոստոսի 1-ը ԵՄ-ն կշարունակի փորձել համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ՝ միաժամանակ պատրաստելով պատասխան միջոցներ»: