ԵՄ-ն հայտնել է իր հանձնառությունը՝ լինել Հայա...

Բրյուսելում 2024 թ. փետրվարի 13-ին կայացել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 5-րդ նիստը: ՀՀ ԱԳՆ-ի կայքում հրապարակված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ հանդիպմանը հաստատվել է ՀՀ և ԵՄ փոխադարձ հետաքրքրությունն ու հանձնառությունը՝ ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա: Այդ նպատակով կողմերը պայմանավորվել են աշխատանքներ սկսել Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի ուղղությամբ՝ բոլոր հարթություններում համագործակցության համար սահմանելով ավելի հավակնոտ համատեղ առաջնահերթություններ:

Եվրոպական Միությունը հայտարարել է լրացուցիչ 5,5 մլն եվրո մարդասիրական օգնության տրամադրման մասին՝  Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին աջակցելու նպատակով։ Այս ֆինանսավորումը տրամադրվում է ի հավելումն նախորդ ֆինանսական աջակցությանը՝ 12,2 մլն եվրոյի աջակցությանը, որն ուղղված էր հրատապ հումանիտար կարիքների հասցեագրմանը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական կարիքների համար վերջերս հաստատված 15 մլն եվրո բյուջետային աջակցությանը:

Գործընկերության խորհուրդը վերանայել է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքը: ԵՄ-ն ողջունել է ՀԸԳՀ իրականացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը, գնահատել է ձեռքբերված առաջընթացը և խրախուսել է Հայաստանին շարունակել բարեփոխումների իր օրակարգը։ Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ուղղված է լինելու ՀԸԳՀ ողջ ներուժի բացահայտմանը:

Գործընկերության խորհուրդը վերահաստատել է մարդու իրավունքներին, օրենքի գերակայությանը և ժողովրդավարական սկզբունքներին  Հայաստանի և ԵՄ համատեղ հանձնառությունը: Գործընկերության խորհուրդը ողջունել է ԵՄ աջակցությամբ արդարադատության բարեփոխումների իրականացման և կոռուպցիայի դեմ պայքարի, Ներքին գործերի նախարարության ստեղծման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ մինչ օրս Հայաստանում արձանագրված ձեռքբերումները: Կողմերը նաև արձանագրել են խտրականության, ատելության խոսքի և ապատեղեկատվության դեմ պայքարում առկա մարտահրավերները, և Հայաստանը հանձնառու է աշխատել այդ ոլորտներում հետագա առաջընթացի ուղղությամբ: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի՝ վերջերս Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը ստորագրող 124-րդ պետությունը դառնալը և խրախուսել է Հայաստանին դիտարկել համապատասխան կարողությունների զարգացման հնարավորությունները:

Գործընկերության խորհուրդն ընդունել է ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի Հայաստանի պատրաստա­կամությունը և վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակել իրականացնել լրացուցիչ քայլեր՝ դիտարկելու այդ ուղղությամբ հնարավոր տարբերակները` ի շարունակություն 2023 թ. նոյեմբերին կայացած արտաքին հարաբերությունների խորհրդին: ԵՄ-ն ողջունել է Հայաստանի կողմից մուտքի արտոնագրերի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի կիրարկումը և խրախուսել է Հայաստանին շարունակել իր ջանքերն այդ ուղղությամբ:

ԵՄ-ն հայտնել է իր հանձնառությունը լինել Հայաստանի կողքին տարբեր ուղղություններով՝ մասնավորապես առևտրի, էներգետիկայի և կապի ոլորտներում, իր դիմադրողականությունն ամրապնդելու ճանապարհին: Գործընկերության խորհուրդը նշել է, որ թեև ՀԸԳՀ-ն ապրանքների առևտրի համար արտոնյալ սակագներ չի նախատեսել, այդուհանդերձ, այն ունի երկկողմ առևտրային հոսքերի մեծացման կարևոր ներուժ: Կողմերը հանձնառություն են ստանձնել համատեղ ջանքերով բացահայտել առկա ողջ ներուժը: Կողմերը հանձն են առել շարունակել հետագա համագործակցությունը՝ կանխելու պատժամիջոցների շրջանցումը։ Դրան զուգահեռ ԵՄ-ն ողջունել է Հայաստանի ջանքերն այս ուղղությամբ։

ԵՄ-ն ընդգծել է Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի վարչական կիրառման կարևորությունը, որն ունի նոր և ավելի հաճախ ուղիղ օդային փոխադրումների և երկու կողմերին փոխադարձ տնտեսական շահի ապահովման ներուժ: Կողմերը քննարկել են իրենց տնտեսությունների՝ էներգիայի անցումը դյուրացնելու հնարավորությունները՝ դարձնելով դրանք առավել դիմացկուն և մրցունակ: ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունն՝ ուղղված Սևծովյան էլեկտրական մալուխի նախագծին Հայաստանի մասնակցությանը։ Կողմերը կշարունակեն միասին աշխատել՝   վերականգնվող էներգետիկայի ոլորտում Հայաստանի կարողությունները զարգացնելու համար, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում ներդրումների միջոցով, ինչպես նաև ապահովելու միջուկային անվտանգությունը։

Կողմերը վերահաստատել են նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարի կարևորությունը և այս համատեքստում ողջունել են Հայաստանի կողմից Ջերմոցային գազերի ցածր արտանետումներով երկարաժամկետ զարգացման ռազմավարության ընդունումը և խրախուսել են Հայաստանին ավելի ընդլայնել կլիմայական չեզոքության հասնելու իր հավակնությունները:

Գործընկերության խորհուրդը քննարկել է կրթության, հետազոտության, առողջապահության, սոցիալական պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում բարեփոխումների իրականացման հարցում գրանցված առաջընթացը։ Կողմերը նշել են հետազոտությունների և նորարարությունների ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության դրական առաջընթացն ու քննարկել են թվային կապակցվածության ոլորտում առկա չիրացված ներուժի օգտագործման հնարավորությունները։

Գործընկերության խորհուրդն ընդգծել է Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության հարթակ: Գործընկերության խորհուրդը նշել է, որ Տնտեսական և ներդրումային պլանի (EIP) շրջանակներում Հայաստանում հաջողությամբ մոբիլիզացվել են ավելի քան 550 միլիոն եվրոյի ներդրումներ: Այն, ի թիվս այլ ծրագրերի, ուղղվել է նաև տարածաշրջանային փոխկապվածության աճին, ՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիության ապահովմանը, «կանաչ» ավտոբուսների ծրագրին և հասարակական շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, ինչին միջոցներ են տրամադրվում նաև «Թիմ Եվրոպա» նախաձեռնության (Team Europe Initiative) շրջանակներում: Գործընկերության խորհուրդը հայտնել է հանձնառություն` պետական ​​և մասնավոր ներդրումների միջոցով շարունակաբար խթանել Հայաստանում կայուն զարգացումը և ողջունել է վերջերս գործարկված Հայաստան-ԵՄ ներդրումների համակարգման հարթակը:

ԵՄ կողմը նաև խստորեն դատապարտել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ապօրինի ագրեսիան և Արևելյան գործընկերության լայն տարածաշրջանի, ողջ Եվրոպայի և աշխարհի համար ունեցած բացասական հետևանքները:

Հայաստանը տեղեկացրել է ԵՄ-ին 2023  թ. սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և դրան հաջորդած տեղահանման հետևանքով առաջացած հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող հետևանքների մասին: ԵՄ-ն վերահաստատել է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անընդունելիությունը, այդ թվում նաև՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում, և աջակցություն հայտնել հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Կողմերն ընդգծել են նաև Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատման բացարձակ անհրաժեշտությունը։ ԵՄ-ն վերահաստատել է իր հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: ԵՄ-ն ողջունել է տարածաշրջանում խաղաղությանն ու կարգավորմանն ուղղված Հայաստանի կառավարության քաղաքականությունը, այդ թվում` պետությունների  ինքնիշխանության և ազգային իրավազորության ներքո, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների համաձայն տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, որը դրված է նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հիմքում։ Հայաստանը ողջունել է Հայաստանում ԵՄ առաքելության շարունակական ամրապնդումը։ Կողմերը ընդգծել են «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում  (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի) Արդարադատության միջազգային դատարանի բոլոր որոշումների լիակատար, անհապաղ և արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը:

Գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ ԵՄ-ն հրապարակել է «Գործընկերության իրականացման զեկույցը»` 2022թ. մայիսին կայացած Գործընկերության խորհրդի նիստից մինչ օրս Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ: Զեկույցում ընդգծվել է, որ Հայաստանը շարունակել է բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացումը` ԵՄ հետևողական աջակցությամբ, այդ թվում՝ ֆինանսական օժանդակությամբ: Այն եզրակացնում է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբևէ ավելի սերտ չեն եղել։

Գործընկերության խորհուրդը նախագահում էր Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանը։