Ե՛վ Եվրամիությունը, և՛ ԱՄՆ նոր վարչակազմը համոզված են, որ Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու համար անհրաժեշտ է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, քանի որ նա ագրեսորն է, DW-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Կայա Կալլասը։ «Հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը։ Եվ Ռուսաստանը կարող է վերջ դնել դրան՝ դադարեցնելով խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծումը և իր զորքերը Ուկրաինայից դուրս բերելով: Ուստի մենք պետք է ճնշում գործադրենք նրանց (ռուսական իշխանությունների) վրա»,- վստահ է Կալլասը։
Վաշինգտոնում նույնպես այս հանգամանքի «ըմբռնում» կա, «ի լրումն, նախագահ (ԱՄՆ Դոնալդ) Թրամփը շատ կոշտ հայտարարություններ արեց (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի դեմ։ Այնպես որ, կարծում եմ, մենք ունենք իրավիճակի նման տեսլական»,- ընդգծեց եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ իր առաջին հեռախոսազրույցից հետո ինքը համոզվել է, որ Վաշինգտոնը, ինչպես Բրյուսելը, ցանկանում է կայուն խաղաղություն Ուկրաինայում, այլ ոչ թե ժամանակավոր զինադադար։ «Մեզ պետք է հենց այնպիսի խաղաղություն, որը կբացառի Ռուսաստանի կողմից նոր հարձակման հնարավորությունը։ Կարևոր է հիշել, որ Ռուսաստանի Դաշնությունը ռազմական արդյունաբերության մեջ ներդնում է իր ՀՆԱ-ի 9 տոկոսը։ Այնպես որ, մենք իսկապես պետք է ուժեղ լինենք ճիշտ ազդանշաններ ուղարկելու համար», - նշել է Կայա Կալլասը: