ԵՄ-ն և Ադրբեջանը խորացնում են համագործակցությ...

Եվրոպական միությունը և Ադրբեջանը համաձայնություն են ձեռք բերել ամրապնդել իրենց գործընկերությունը ԵՄ «Գլոբալ դարպասներ» նախաձեռնության և վերջերս մեկնարկած Միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգի շրջանակներում: Այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանում ԵՄ պատվիրակությունը:

«Միասին նրանք նպատակ ունեն բացահայտելու նոր տնտեսական հնարավորություններ և խթանելու երկարաժամկետ համատեղ բարգավաճումը, համագործակցությունը և խաղաղությունը՝ տրանսպորտի, թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի և առևտրի կայուն և ամուր կապերի միջոցով։ Այս շրջանակներում Եվրոպական միությունը և Ադրբեջանը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ միասին համաձայնության են եկել Նախիջևանի երկաթուղու նախագծի զարգացման իրագործելիության ուսումնասիրություն սկսելու վերաբերյալ, որը կարևոր ներդրում է Ադրբեջանում և ավելի լայն տարածաշրջանում շարժունակության և տնտեսական հոսքերի բարելավման համար: Այս երկաթուղին մաս է կազմում ավելի լայն Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի, որը նպատակ ունի կապել Եվրոպան և Կենտրոնական Ասիան՝ ապահովելով տարանցումը 15 օրում», - նշված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանում ԵՄ պատվիրակությունը նաև նշում է, որ Եվրոպայի և Ասիայի միջև բազմազան, հուսալի և կայուն երթուղիները համատեղ ռազմավարական շահ են ներկայացնում՝ ապահովելով փոխադարձ օգուտներ և նվազեցնելով չափազանց մեծ կախվածության հետ կապված ռիսկերը։