ԵՄ-ն դադարեցնում է Կիևին ռազմական օգնության ն...

Եվրամիության երկրների ղեկավարները Հունգարիայի առարկությունների պատճառով դադարեցնում են Կիևին 20 միլիարդ եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթի մշակումը, որն առաջարկել էր եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը: Այս մասին հայտնում է POLITICO-ի եվրոպական հրատարակությունը՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի փաստաթղթի նախագիծը։

Նշվում է, որ ԵՄ երկրների ներկայացուցիչների քննարկմանը ներկայացված տեքստի նախագծից անհետացել է Ուկրաինային ռազմական օգնության նոր մատակարարումների կազմակերպման  «ուղղակի հղումը»։ Փոփոխությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Բուդապեշտը վետո է դրել փաստաթղթի նախորդ տարբերակի վրա ԵՄ պետությունների ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ։ 

Հրատարակության գնահատումներով՝ այս ֆոնին քիչ հավանական է, որ ԵՄ-ի կողմից օգնությունը «լրացնի վակուումը», որն առաջացել է ԱՄՆ-ի կողմից Կիևին զենքի մատակարարումների դադարեցումից հետո։

POLITICO-ն նշում է, որ մարտի 3-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին ուղղված նամակում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան «ընդունել է իր պարտությունը»՝ Ուկրաինային օգնության նոր փաթեթի մշակման հարցում Բուդապեշտի հավանությունը ստանալու փորձերում: Այսպես, նա ընդգծել է, որ ԵՄ-ի ներսում «գոյություն ունեն տարաձայնություններ խաղաղության հասնելու ուղիների» և, մասնավորապես, «խաղաղություն ուժի միջոցով» մոտեցման վերաբերյալ: 

Միևնույն ժամանակ, Կոշտան նշել է ԵՄ երկրների «լայն փոխհամաձայնությունը» համայնքի պաշտպանունակության ամրապնդման անհրաժեշտության վերաբերյալ:

ԵՄ-ն արդեն հայտարարել է 2025 թվականին Ուկրաինային 60 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու հանձնառության մասին։ Այդ գումարի վրա Բուդապեշտի վետոն չի անդրադառնա։