
Բրյուսելում Եվրամիության 9-րդ գագաթնաժողովի բացման ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր ելույթում հայտարարել է, որ ԵՄ-ն 2,5 միլիարդ եվրո կտրամադրի Սիրիայի տարածքում, ինչպես նաև Հորդանանում, Լիբանանում, Իրաքում և Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականներին 2025 և 2026 թվականներին աջակցելու համար:
Այս մասին հայտնել է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքը։
Տրամադրվելիք օգնությունը համարվում է Սիրիայում անցումային գործընթացին աջակցելու և սոցիալական ու տնտեսական վերականգնմանը նպաստելու եվրոպական ջանքերի մի մաս:
Ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ սիրիացի ժողովրդի իղձերի իրականացման հույսը տասնամյակների ընթացքում առաջին անգամ իրականությանը մոտ է դարձել։
«Իհարկե, հաշտեցման և վերականգնման ճանապարհը դեռ երկար է, բայց տասնամյակների ընթացքում առաջին անգամ Սիրիայի հույսը կարող է իրականություն դառնալ»,- նշել է նա՝ բարձր գնահատելով Ասադի վարչակարգի հեռանալուց ի վեր սիրիական նոր վարչակազմի քայլերը՝ ընդգծելով սիրիական իշխանությունների հանձնառության կարևորությունը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, փոքրամասնություններին պաշտպանելու և հաշտեցման հասնելու համար համապարփակ կառավարություն ձևավորելու գործում:
Ֆոն դեր Լայենը հավելել է, որ Եվրամիությունը պատրաստ է ջանքեր գործադրել Սիրիայում անցումային գործընթացին աջակցելու համար՝ ընդգծելով Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շեյբանիի՝ առաջին անգամ համաժողովին մասնակցության կարևորությունը։
«Մենք ցանկանում ենք ձեզնից լսել ձեր ժողովրդի կարիքների և պետական ինստիտուտների վերականգնման ծրագրերի մասին: Մենք պատրաստ ենք ձեզ հետ առաջ շարժվել համապարփակ քաղաքական անցման ուղղությամբ ձեր կողմից ձեռնարկած յուրաքանչյուր նոր քայլում: Եվրոպան պատրաստ է կատարել իր դերը», - նշել է նա:
Իր հերթին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ-ն 2025 թվականի համար խոստացել է ավելի քան 720 միլիոն եվրո, ինչը նախորդ տարվա խոստումների համեմատ ավելացել է ավելի քան 160 միլիոն եվրոյով։
Նա նշել է, որ Սիրիայի ժողովուրդը տասնամյակներ շարունակ սարսափ է ապրել և ժամանակն է, որ բոլոր սիրիացիները կարողանան ապահով ապրել խաղաղության մեջ։
2011 թվականից ի վեր ԵՄ-ն և նրա անդամ երկրները մոբիլիզացրել են մոտ 37 միլիարդ եվրոյի օգնություն՝ աջակցելով սիրիացիներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ ողջ տարածաշրջանում: