
Ազգային ժողովում շարունակվում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումը։
Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հիմնական զեկույցի ընթացքում ընդգծեց, որ երկրորդ ընթերցմամբ ներկայացված նախագիծը ստացել է միանշանակ և հստակ քաղաքական աջակցություն Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներից և ինստիտուտներից։
«Պաշտոնյաների և խորհրդարանների մակարդակով Եվրոպայի տարբեր մայրաքաղաքներից ու ինստիտուտներից վերջին ամիսներին հնչել են միանշանակ և հստակ ազդակներ՝ ի աջակցություն Հայաստանի կողմից Եվրոպական միության անդամակցության գործընթացի մեկնարկի։ Քաղաքական աջակցությունը տեսանելի դարձավ թե՛ երկկողմ հանդիպումներում, թե՛ տարբեր միջազգային հարթակներում»,- ընդգծեց Զեյնալյանը։
Զեյնալյանը նաև հիշեցրեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի չորրորդ հանդիպման ընթացքում արված հայտարարություններից մեկը։
«Կոմիտեն ողջունում է Ազգային ժողովի կողմից քաղաքացիական նախաձեռնության կարգով Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծի ընդունումը և հրավիրում է Հայաստանի կառավարությանը, ԵՄ ինստիտուտներին քննարկելու իրատեսական աշխատանքային պլան՝ հասնելու այս ռազմավարական նշանակության նպատակին՝ ԵՄ պայմանագրի 49-րդ հոդվածի և Կոպենհագենի չափանիշներին լիարժեք համապատասխանությամբ»,- եզրափակեց նա։
Օրենքի նախագծի փոփոխված ձևակերպմամբ ամրագրվում է.
«Հայաստանի Հանրապետությունը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել երկրի անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայությունը, հայտարարում է Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկը»։