2025 թվականի հունվար-սեպտեմբերին ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը կազմել է 2 մլրդ 9 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է 5,7 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում 1,9 էր, այսինքն՝ 109 մլն դոլարով աճել է առևտրաշրջանառությունը: Այդ մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ առևտրաշրջանառության մեջ 76 տոկոսը ԵՄ երկրներից ներմուծումն է:
«Պետք է նշեմ, որ արտաքին առևտրաշրջանառության 5,7 տոկոս աճը պայմանավորված է ներմուծման 5,4 տոկոս աճով և արտահանման 6,8 տոկոս աճով: Այսինքն՝ համարժեք աճ ունենք:
Բավարարո՞ւմ են այս թվերը մեզ: Իհարկե ո՛չ, և դա է պատճառը, որ Կառավարությունն այսօր իրականացնում է արտահանման աջակցության շատ կոնկրետ ծրագիր, երբ մեր ընկերությունները պատրաստի արտադրանք են արտահանում, մենք աջակցում ենք, որպեսզի մաքսատուրքերի փոխհատուցում ստանան: Այստեղ պետք է նշեմ, որ բավականին մեծ աճ ունենք»,- ասաց նա:
Ըստ նախարարի՝ հիմնականում արտահանվում են մոլիբդեն, երկաթե համաձուլվածք, ալյումինե փայլաթիթեղ, որ պատրաստի արտադրանք է, պղնձի հանքաքար, մանրաթելից ու նրբաթելից գործված հագուստ:
«Ի միջի այլոց, շատ լավ լուր՝ ալյումինի փայլաթիթեղը, մանրաթելը, հագուստն իրար հետ վերցրած՝ մոտ 90 մլն դոլար է կազմում, և այն էականորեն աճել է մեր աջակցության ծրագրի արդյունքում: Խոսքը արտահանման մասին է»,- ասաց նա:
Ալյումինի փայլաթիթեղը, որ վերջնական արտադրանք է, նախորդ տարվա նկատմամբ գրանցել է 33,5 տոկոս աճ, իսկ կոստյում, անդրավարտիք, պիջակը՝ 13,5 տոկոս աճ: Սրանք ԵՄ արտահանվող ապրանքատեսակներն են, իսկ ԵՄ-ից ՀՀ է ներմուծվում հեռախոս, նավթամթերք, ավտոմեքենա, դեղամիջոց և այլն:



