Եվրոպական Միության անդամ երկրների կառավարությունները նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ծովով տեղափոխվող ռուսական նավթի մեկ բարելի դիմաց գնի վերին շեմ սահմանել 60 դոլարը: Այս գինն առաջարկել են Մեծ յոթնյակի երկրները: Կգործի նաև ճշգրտման մեխանիզմ, համաձայն որի ռուսական նավթի գնի վերին շեմը 5 տոկոսով ցածր կլինի շուկայական գնից:Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագետներին և իր տրամադրության տակ հայտնված մի փաստաթուղթ:
Ուրբաթ օրվա ընթացքում համաձայնագիրը դեռևս պետք է հաստատվի ԵՄ անդամ բոլոր երկրների կառավարությունների կողմից: Լեհաստանը, որը պնդում էր, որ նավթի գնի վերին շեմը հնարավորինս ցածր լինի, չի հայտնել՝ արդյոք կաջակցի գործարքին, թե ոչ:
ԵՄ երկրներն օրեր շարունակ վիճում էին ռուսական նավթի գնի վերին շեմի շուրջ, որի նպատակն է կրճատել Ռուսաստանի եկամուտը նավթի վաճառքից՝ միաժամանակ կանխելով նավթի համաշխարհային գների աճը դեկտեմբերի 5-ից հետո, երբ ուժի մեջ կմտնի ռուսական նավթի նկատմամբ ԵՄ էմբարգոն:
Նավթի գնի վերին շեմի սահմանումը թույլ կտա երկրներին շարունակել ռուսական նավթի ներմուծումն՝ օգտագործելով արևմտյան ապահովագրական և ծովային ծառայությունները, եթե նրանք մեկ բարելի դիմաց չվճարեն համաձայնեցված գնից ավելի։
Անցյալ շաբաթ G7-ի երկրներն առաջարկում էին նավթի գնի վերին շեմ սահմանել մեկ բարելի դիմաց 65-70 դոլարը՝ առանց ճշգրտման մեխանիզմի: