ԵՄ երկրները 2025 թվականին 4,8 միլիարդ եվրո են հատկացրել Ուկրաինայի համար առաջնահերթ պահանջների ցանկի (PURL) ծրագրին, որը նախատեսում է Կիևի համար զենքի ձեռքբերում ԱՄՆ-ից: Այս մասին «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականի հետ հարցազրույցում նշել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։
«Ուկրաինան ունի 28 անվտանգության համաձայնագիր, որոնց մեծ մասը սահմանում է Ուկրաինային ռազմական օգնության որոշակի չափ՝ համաձայնագրի 10-ամյա ժամկետում։ Եվ երկրները հետևում են այս թվերին, իսկ որոշները նույնիսկ գերազանցում են դրանք։ Գերմանիան, որն, ըստ երևույթին, համաձայնագրի շրջանակներում ունի 8 միլիարդ եվրո, միայն այս տարվա համար հաստատել է 11,5 միլիարդ եվրոյի բյուջե և հստակ իրականանցում է այն։ Օգնության երկրորդ տեսակը մեր համատեղ արտադրության համաֆինանսավորումն է։ Երրորդը՝ PURL ծրագրում ներդրումները։ Նախորդ տարի հավաքագրվել է 4,8 միլիարդ, և սա նշանակալի օգնություն է», - նշել է նա։
Ժովկվայի խոսքով՝ տարին նոր է սկսվել, և փետրվարին Կիևն արդեն ստացել է 584 միլիոն եվրո։
«Վեց երկիր։ Մեծ Բրիտանիան, ի դեպ, առաջին անգամ միացավ PURL ծրագրին։ Այն մինչ այդ չկար և հատկացրեց 200 միլիոն եվրո։ Նորվեգիան՝ մեր չեմպիոնը նախորդ տարի, արդեն հատկացնում է նոր օգնություն։ Նիդեռլանդները նույնպես լավագույն եռյակում էր։ Շվեդիա, Իսլանդիա, Լատվիա», - նշել է նա։
Պաշտոնյան նաև կարևորել է, որ PURL ծրագիրը տրամադրում է միայն այն օգնությունը, որն անհրաժեշտ է Ուկրաինային:
«Մենք հեռացել ենք այն ձևաչափից, երբ նրանք մեզ տալիս էին այն ամենը, ինչ կարող էին։ Այսօր ամերիկյան կողմին ուղարկված ցուցակներում հստակ նշված է, թե ինչ է պետք Ուկրաինային, ուստի միջոցները հատկացվում են հենց այն բանի համար, ինչ անհրաժեշտ է Ուկրաինային», - պարզաբանել է նա։
Ժովկվան հավելել է, որ այլևս իրենց մեծ քանակությամբ տանկեր և զրահատեխնիկա պետք չեն, քանի որ պատերազմն այժմ այլ կերպ է ընթանում:
«Սա, առաջին հերթին, անօդաչու թռչող սարքերի և օդուժի պատերազմ է: Այսինքն՝ մեզ անհրաժեշտ է պաշտպանություն օդում, հետևաբար՝ հակաօդային պաշտպանություն, հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր», - տեղեկացրել է Ժովկվան:
Միաժամանակ նա շեշտել է, որ եթե Եվրոպան բավարար չափով և ժամանակին մատակարարումներ ապահովեր, ապա բալիստիկ հրթիռները, հավանաբար, չէին հարվածի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին։
Անդրադառնալով էներգետիկ ոլորտում օգնությանը՝ Ժովկվան նշել է, որ այս ոլորտում Ուկրաինային անհրաժեշտ են կոնկրետ սարքավորումներ, ապրանքների մի շարք, այլ ոչ թե ընդհանուր ցանկ։
«Հետևաբար, յուրաքանչյուր երկրի կտրվի կոնկրետ ցանկ։ Էներգետիկայի նախարարությունն այժմ աշխատում է այս ուղղությամբ, և նախագահն այն կփոխանցի ղեկավարներին», - ասել է նա։



